Նախախորհրդարանը նոր երթ կկազմակերպի
Դեկտեմբերի 14-ից նախախորհրդարանը սկսում է նոր «Միացիր դիմադրությանը՝ ազատագրենք Հայաստանը» խորագրով երթ, այն տեղի կունենա շաբաթ օրերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 20-ին, ստեղծվեց Նախախորհրդարանը:
Գարեգին Չուգասզյանն ամփոփելով կառույցի մեկամյա գործունեությունը՝ նշեց, որ իշխանափոխությունը չի լուծի ՀՀ-ի առջև ծառացած արմատական խնդիրները: Նրա խոսքով՝ այսօր մենք ունենք դեկորատիվ, ժողովրդից օտարված պետություն. «ՀՀ-ում քաղաքական դաշտը փոշիացած է, ունենք դեկորատիվ իշխանություն, իշխող կուսակցությունը ներկայացնում է խեղկատակային մի մարմին, որի հետ համագործակցությունը մեր կողմից ծիծաղելի կլիներ», - ասաց նա։
Անդրադառնալով Ծածկած շուկայի համար մղվող իրենց պայքարին՝ Չուգասզյանն ասաց, որ Ծածկած շուկայի էպոպեան ցույց տվեց, թե ինչպես է իշխանությունն իրականացվում Հայաստանում։
Նախախորհրդարանի համակարգողի տեղակալ Սյուզան Սիմոնյանը նշեց, որ բացի փողոցային պայքարից, իրենք կարևորում են հանրային իրազեկումը՝ քայլարշավների և երթերի միջոցով։