«Նախագահի թիմում արհեստավարժ մարդիկ քիչ են»
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը կարծում է, որ երկրում ստեղծված ծանր վիճակի միակ պատասխանատուն երկրի նախագահը չէ։
Նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք պետք է մտածեն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար. «Նախագահը թիմ ունի, ուղղակի արհեստավարժ մարդիկ բավականին քիչ են այդ թիմում», - ասաց նա և հավելեց. «Եթե գործող նախագահն այդքան վատ մարդ է, ապա ինչպե՞ս եղավ, որ մինչև հիմա աշխատում է ու տարբեր պաշտոններ է զբաղեցրել»։
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ նա ասաց, որ կողմ է Մաքսային Միության անդամակցությանը։ Ըստ նրա՝ Հայաստանը տնտեսապես կշահի, թեև չի բացառում, որ խնդիրներ նույնպես կլինեն. «3-5 միլիարդի չափ տարեկան եկամուտ կարող է բերել Մաքսային Միության դեպքում։ Կա նաև վատ կողմ, որ մենք պետք է մեր օրենքները հարմարեցնենք այդ միության հետ», - նշեց Զոհրաբյանը։
Նրա կարծիքով՝ ռուսական զորքը պետք է պահի հայկական սահմաններն ամբողջությամբ, քանի որ այդպես ավելի քիչ կորուստ կլինի, իսկ Ռուսաստանից կախվածության քիչ ու շատ լինելը կախված է միայն ժողովրդից:
Զոհրաբ Զոհրաբյանն անդրադարձավ նաև կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցին և ասաց, որ դա շատ լավ համակարգ է, բայց պետք է հանել «պարտադիր» բառը: