Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ մենք կռվում էինք, նրանք սեղանների տակ էին»

Քաղաքականություն
324aa5b14cbfff7f1c470a888b5fae95

Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես անդրադարձ է կատարել ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի այն մտքին, թե իշխող կուսակցությունը և նրա կողմից ձևավորված կառավարությունը ազատամարտիկների ցանկության դեպքում կարող է հանդիպել նրանց. «Եթե նորից ամրագրվելու են պնդումներ առ այն, որ երկրում չկա ճգնաժամային վիճակ, այլ ընդամենը առկա են ժամանակավոր դժվարություններ, որ անցկացվում են ոչ թե դեկորատիվ, այլ իրական բարեփոխումներ, ապա այդ երկխոսությունը դառնում է անբովանդակային ու անիմաստ»,-ասվում է հայտարարությունում։

«Ա1+»-ի այն հարցին, թե ազատամարտիկները որքանով իրատեսական են համարում, որ ՀՀԿ-ն կգա երկխոսության, Սուրեն Սարգսյանը նկատում է. «ՀՀԿ-ն այնուամենայնիվ հայ մարդկանցից է կազմված, և լավ գիտեն՝ ինչ է կատարվում երկրում, ես մի պարզաբանում անեմ, որ մենք ազատամարտիկներ ենք, ովքեր թողեցին ամեն ինչ ու գնացին երկիրը պաշտպանելու։ Ամեն նախագահի համար մեծագույն պատիվ պիտի լինի հանդիպել մեր տեսակի հետ և ներողություն խնդրել չարածների համար»։

Սուրեն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ի՝մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ազատամարտիկներն իրենց հետ համագործակցող կուսակցությունների հետ պատրաստվում են մեծ երթ իրականացնել. «Այդ օրը մենք ցույց ենք տալու մեր ուժը։ Համախմբվելու ենք ու ասենք, որ չենք թողնի մեր երկիրը կործանվի, ախր այսպես երկիր չեն պահում, այսպես անխնա անգամ կնոջը չեն բռնաբարում։ Երբ մենք կռվում էինք, նրանք սեղանների տակ էին, այսօր դարձել են իշխանավորներ։ Էլի սեղանների տակ ենք վերադարձնելու»,-եզրափակեց ազատամարտիկը։