«Տիգրան Սարգսյանի համար լինել-չլինելու հարց է»
Անդրադառնալով 2014 թ. բյուջեին՝ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ասաց. «Ողորմելի բյուջե են բերել: Ազգային ժողովը փոխանակ պահանջի եկամուտները, գնում- միանում ա կառավարությանը: Սա հանցագործություն է: Բյուջեն հաստատվում է, իսկ մենք տեղական ինքնակառավարմանը փող չենք տալիս:
Ֆինանսների նախարարը ձեւեր է անում, թե չի հասկանում: Մենք ասում ենք՝ եթե դու գյումրեցի ես ու աշխատում ես Երեւանում, քո աշխատավարձի 20 տոկոսը պետք է փոխանցվի Գյումրիի բյուջե»:
Հրանտ Բագրատյանը հավանական է համարում, որ 3-4 ամսից նախագահը կառավարությունը ցրի, թեպետ շատ կուզենա պահպանել. «Երկիրը չգիտի, թե ինչքան է իր տնտեսությունը. 2014-ին սպասվում է կատարյալ ձախողում, խնայողություններն իջնում են, կուտակումներն իջնում են: Տիգրան Սարգսյանի համար լինել-չլինելու հարց է, մյուս տարի տնտեսական աճ են նկարելու»:
Մաքսայինին միանալու հետեւանքներից խոսելով՝ Հրանտ Բագրատյանը վստահություն է հայտնում. «Հաստատ հայտնվելու ենք ռուբլու գոտում: Ռազ ուժ հայտնվել ենք մաքսային գոտում, դա իր կանոններն ունի: Խնդիր է դրվելու մաքսային միության մեջ արվող խնայողությունները մնան մաքսային միության մեջ: Ռուսաստանը շատ հստակ հարց է դնելու՝ ոչ մի դրսի արժեթուղթ»:
Անդրադառնալով Կուտակային կենսաթոշակի մասին օրենքին՝ Բագրատյանն ասում է. «Հարյուր անգամ ասեցի՝ եթե պարտադիր հայտարարագիր չկա տարեկան, կուտակային համակարգն անհնարին է: Քիչ ա մնում մարդու ֆազերը քցի: Արժույթի միջազգային հիմնադրամը մի անգամ չհարցրեց՝ ուր ա ձեր բյուջեն: Չեն դատապարտում էս կառավարության բացահայտ թերությունները»:
Նա նաեւ «հիմար» անվանեց ԿԲ նախագահին։ «Էդ մարդը գյուղատնտեսական է ավարտել ու երբեք բանկիր չի դառնա, էդ ինտելեկտը էնդեղ չկա: Ինձ «հիմար» ասելուց հետո հրավիրում է Կենտրոնական բանկ քննարկումների:
Եթե վիրավորում ես, ինչո՞ւ ես հրավիրում: Եթե ընդդիմությունից մեկը վիրավորեր պաշտոնյային, ԱԺ նախագահը անպայման կարձագանքեր: Ինձ «հիմար» ասողը ինքն է հիմարը»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը: