Խորհուրդ Զարուհի Փոստանջյանին
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը համամիտ չէր Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանի հետ, թե զինծառայողների աշխատավարձերը բարձրանալու են:
Ըստ տիկին Փոստանջյանի՝ եթե հայտարարում են, թե 2014թ. հուլիսից 10 տոկոսով բարձրանալու են աշխատավարձերը, ապա ինչ է լինելու այն զինվորների աշխատավարձերի հետ, որոնք ծնվել են 1974թ.-ից հետո. «Արդյոք նրանք պետք է ենթարկվե՞ն պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին: Արդյունքում իրականում աշխատավարձի ոչ մի բարձրացում էլ չի լինելու: Ինձ նաեւ հետաքրքրում է՝ պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի հինգ տոկոսը որքա՞ն գումար է կազմելու: Քանի՞ զինծառայող պետք է այս նոր համակարգով հարկվի»:
Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ չի պատրաստվում արձագանքել պատգամավորի կոչին, թե քիչ է եղել աշխատավարձերի հավելումը. «Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք: Լավ կլինի, իհարկե, եթե աշխատավարձերը ավելի բարձրացվեն, քանի որ անվտանգությունից ավելի կարեւոր խնդիր չկա այսօր մեր երկրում: Եթե ունեք աշխատավարձի բարձրացման առաջարկներ, ես պատրաստ եմ քննարկել:
Ի դեպ, միայն վարձատրության չափը չէ, որ զինծառայողներին մղել է գնալ այդ գործին, այդ եզրահանգմանը կգաք, երբ կտեսնեք նրանց մարտական ոգին հենակետերում»:
Զարուհի Փոստանջյանը նկատեց՝ երբ խոսվում է մարտունակության մասին, ապա չպետք է մոռանալ խոսել բանտախցում գտնվող Շանթ Հարությունյանի ու Վոլոդյա Ավետիսյանի մասին, որոնք առանց աշխատավարձ ստանալու ժամանակին գնացել են ու անձնվիրաբար մարտնչել. «Այդքանից հետո պետք չէ թյուրիմացության մեջ գցել մեր զինծառայողներին, թե նրանց աշխատավարձերը բարձրանալու են»:
«Ձեր դիտողությունները յուրօրինակ են, որոնց հետ ես համամիտ չեմ, չեմ կիսում դրանք, եւ մենք թյուրիմացության մեջ չենք գցում: Մարտական գործողություններին մասնակցած անձանց գործերն ու վաստակը ես չեմ թերագնահատում, սակայն եթե նրանց գործողությունները հակաիրավական են, ապա պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- հայտարարեց Կորյուն Նահապետյանը:
Նա խորհուրդ տվեց Զարուհի Փոստանջյանին հաճախակի այցելել զորամասեր, հենակետեր ու այդպիսով ավելի ճիշտ տպավորություն ունենալ, թե ինչպիսի հոգեվիճակում են մեր զինծառայողները: