Հր. Թովմասյան. «Կոռուպցիան նվազել է»
«Կոռուպցիայի հաղթահարման հարցում արձանագրվել են դրական տեղաշարժեր»,-վերահաստատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ արած հայտարարությունը՝ նշեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
«Ասել կոռուպցիա չկա, ոչ մեկը չի կարող, բայց կարծում եմ՝ այն նվազել է։ Կարող եմ մեկ օրինակ բերել. եթե իրավաբանական անձի գրանցումը դու կարող ես 15 րոպեում անել, ու ոչ մեկի չտեսնել և ամենամեծ ցանկության դեպքում էլ չես կարող ոչ մեկի կաշառք տալ, չի կարելի դա չնկատել ու չասել, որ կոռուպցիոն ռիսկերը նվազել են: Իսկ այնտեղ կար կոռուպցիոն ռիսկ, որովհետև պետք է գնայիր, կանոնադրություն հաստատեիր, պիտի սխալ գտնեին, ուղարկեին հետ, հետո նորից հետ գայիր, հետո գլուխ ծռեիր, ասեիր, ոնց անենք, որ վերջապես հարցը լուծվի»,-ասաց նախարարը։
Նախարարի խոսքերով՝ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում պետության կողմից մատուցվող ծառայությունների 80 տոկոսը հնարավոր է լինելու ստանալ առցանց կամ մեկ պատուհան - մեկ օր սկզբունքով։ Սա Կառավարության կողմից իրականացվող ծրագրերից է։