Թույլ տեսնողների համար պայմաններ չկան
«Տրանսպորտ նստելիս պետք է մեկի փոխարեն երկու հոգու փոխարեն վճարեմ. Տրանսպորտային միջոցները հարմարեցված չեն թույլ տեսնվողների համար», - այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կույրերի միավորման նախկին ղեկավար, ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալբերտ Մուշեղյանը։
Անդրադառնալով տեսողական խնդիրներ ունեցողներ մարդկանց տեղաշարժման հնարավորություններին՝ Մուշեղյանը նշեց, որ հատկապես տրանսպորտային միջոցներից նրանք չեն կարողանում օգտվել։
«Փողոցներում չկան ազդանշանային լուսացույցներ, որոնցից թույլ տեսնողները կարող են օգտվել և ինքնուրույն տեղաշարժվել. դա իշխանության անտարբերության հետևանքն է», - ավելացրեց Կույրերի միավորման նախկին ղեկավարը և հավելեց. «Էջմիածնում մի այդպիսի լուսացույց կա, բայց այնտեղի իմ ընկերներն ասում են, որ ժամանակ առ ժամանակ լուսացույցը լավ չի աշխատում»։
Ասուլիսի մյուս բանախոս՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանն ասաց, որ աչքի տեսողությանը պետք է հետևել դեռ պտղի ներարգանդային վիճակում։ Ակնաբույժի խոսքով՝ կուրության վտանգը մեծ է հատկապես անհաս ծնված երեխանների մոտ։ Ռուզաննա Հարությունյանը վստահեցնում է, որ ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս վիրահատական ճանապարհով կանխարգելել կուրության վտանգը։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ՝ նոյեմբերի 13-ը նշվում է որպես Կույրերի միջազգային օր: Համաձայն նույն կազմակերպության տվյալների՝ այսօր աշխարհում մոտ 124 մլն կույր է ապրում։ Այդ թիվը մինչև 2020թ. կարող է կրկնապատկվել։