Երաշխավորագիր Վարդան Պետրոսյանի համար
Հարյուրավոր արվեստի ու հասարակական գործիչներ երաշխավորագիր-նամակով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն՝ երաշխավորագիր ներկայացնելով Վարդան Պետրոսյանի համար։
Ստորեւ ներկայացնում ենք երաշխավորագիր-նամակի լրացված տարբերակը։
«Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նախ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքներին, որոնց կորուստն անդառնալի է:
Այս ողբերգության զոհն է նաև Վարդան Պետրոսյանը, ով, ինչպես և վթարից մյուս տուժածները, գտնվում է առողջական ծանր վիճակում: Նա տարել է ծանր վիրահատություն, մի շարք միկրովիրահատություններ, շատ արյուն է կորցրել, անհրաժեշտ է վերականգնում, հատուկ սննդակարգ, հոգեբանական աջակցություն: Տեղի է ունեցել մի ցավալի իրողություն, որի պայմաններում Վարդան Պետրոսյանը նույնպես կարող էր զոհվել:
Ցավով և վրդովմունքով արձանագրում ենք, որ իրավապահ մարմինները Վարդան Պետրոսյանի հետ վարվում են, ինչպես հույժ վտանգավոր մի հանցագործի, այն դեպքում, երբ նրա մեղքը հաստատված չէ: Նախաքննական մարմինը, առանց հաշվի առնելու վերը նշված հանգամանքները, առանց հիմնավոր պատճառաբանության, «Էրեբունի» հիվանդանոցից դուրս գրվելուց երկու օր անց Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կայացրեց, ապա և նրան մեղադրանք առաջադրեց: Իսկ նոյեմբերի 9-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, նրան «Սթրես» կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ուր մոտ 10 ժամ նրան սթրեսի ենթարկեցին, որից միայն 5 ժամը նրա մոտ անցկացրեց շտապօգնության բժիշկը: Սա մենք դիտարկում ենք անմարդկային վերաբերմունք և խոշտանգում առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու նկատմամբ:
Դատարանի կողպված դռները բացվեցին միայն ժամը 23-ից հետո, երբ Վարդան Պետրոսյանին պատգարակով դուրս բերեցին դատարանի շենքից ու տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»: Դատարանը բավարարեց
որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Որոշման հիմքում դրված են բարոյական գնահատականներ, այն է՝ «կատարվածը առաջացրել է ծանր հետևանքներ՝ խլելով երկու երիտասարդների կյանք՝ ծաղկուն տարիքում»: Գտնում ենք, որ դատարանի որոշման ձևակերպումների մեջ
անմեղության կանխավարկածի խախտում կա, քանի որ դատավորը, կարծես, որպես հաստատված իրողություն է ներկայացնում Վարդան Պետրոսյանին վերագրվող մեղադրանքը: Այնինչ դեռ նախաքննություն է ընթանում, և յուրաքանչյուր հանգամանք դեռ պետք է քննվի քրեական դատավարության բոլոր փուլերում:
Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ինչպես նաև Վարդան Պետրոսյանի վաստակը, քաղաքացիական անբասիր կենսագրությունը, նրա հրապարակային հայտարարությունն այն մասին, որ չի խուսափի դատաքննությունից, նկատի ունենալով, որ գտնվում է առողջական և հոգեբանական ծանր վիճակում, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նրա գործընկերները, պահանջում ենք անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ՝ հիմք ընդունելով սույն երաշխավորագիրը: Վստահեցնում ենք և երաշխավորում, որ Վարդան Պետրոսյանը չի խուսափի դատաքննությունից ու չի խոչընդոտի դատաքննությանը»: