Գնդապետի կալանքի ժամկետը կերկարացնեն
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւս երկու ամիս երկարացնելու պահանջով քննչական մարմինը կրկին դիմել է դատարան։
Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը այսօր դատարանից ծանուցում է ստացել։ Սակայն երբ կնշանակվի նիստի օրը՝ դեռ պարզ չէ։
Ի դեպ, Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վերաբերյալ ստորադաս ատյանների կայացրած որոշումը, պաշտպանը բողոքարկել էր Վճռաբեկ դատարանում, սակայն առանձնապես հույսեր չի կապում դրա հետ։
«Վճռաբեկն իր հայեցողությամբ է որոշումներ կայացնում»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց փաստաբանը։
Արա Զաքարյանը երեկ է հանդիպել իր պաշտպանյալի՝ Վոլոդյա Ավետիսյանի հետ։ Նրա տրամադրությունը, ինչպես նշեց պաշտպանը, մարտական է եղել.
«Վոլոդյա Ավետիսյանը այն կարծիքին է, որ գործը շինծու է եւ կապված է իր հասարակական գործունեության հետ, որը հետագայում դառնալու էր քաղաքական։
Հիշեցնենք, խարդախության մեղադրանքով կալանավորված ղարաբաղյան պատերազմի վետերանին վերջերս մեղադրանք է առաջադրվել նաեւ խարդախության փորձ կատարելու համար։
Նա կալանավորվել էր խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեղադրանքով։ Վոլոդյա Ավետիսյանն անազատության մեջ է սեպտեմբերի 20-ից, իսկ կալանքը որպես խափանման միջոց սեպտեմբերի 23-ին ընտրեց Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը։