«Թողեք հանգիստ Վարդանին»
Դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորման մասին չպետք է այդքան աղմկել. այս կարծիքին է ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը.«Թողեք հանգիստ էլի Վարդանին, ինչ կլինի: Անվերջ այս ամեն ինչը խոսում է իր դեմ, պետք չէ խոսել, պետք չէ անվերջ տպել, քանի որ զոհվածի հարազատները նայում են եւ դա միայն գրգռում է Վարդանի դեմ»:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 9-ին կեսգիշերին մոտ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանքը: Նա մեղադրվում է տեղի ունեցած ավտովթարի համար, որի հետեւանքով զոհվել է 2 անչափահաս:
«Ինքը էնքան կարգին տղա է, որ վստահ եղեք` այն, ինչ իրեն ճակատագրով պետք է հասնի, ինքը հաստատ արժանապատվորեն կկրի, ուղղակի հիվանդ է ինքը, կարելի էր չշտապել»,- ասում է Շուշան Պետրոսյանը:
Արդյոք Շուշան Պետրոսյանը կփորձի՞ որեւիցե կերպ աջակցել իր արվեստագետ ընկերոջը` հարցը զայրացրեց պատգամավոր երգչուհուն. «Ասացի վերջ: Հայերեն չեն հասկանում»:
Շուշան Պետրոսյանի կուսակից գործընկերը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հասկանում է, թե զոհված երեխաների ընտանիքի, թե Վարդան Պետրոսյանի անձնական դժբախտությունները. «Մեծանուն հայ արվեստագետը բնականաբար ոչ իր ցանկությամբ նման դժբախտ իրավիճակում է հայտնվել:
Այստեղ եղել է երկուստեք մարդկային ողբերգություն, դա շատ լավ պետք է գիտակցել: Սակայն մյուս կողմից, մենք բոլորս պետք է գիտակցենք, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»:
Ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների, ՀՅԴ-ն անձնական երաշխավորությամբ միջնորդագիր է ուղարկել Գլխավոր դատախազին, քննիչին, Վերաքննիչ դատարանի նախագահին, Կոտայքի մարզի հսկող դատախազին եւ խնդրում է փոխել դերասանի խափանման միջոցը.
«Քրեական արդարադատությունը, որտեղ առաջին հերթին պետք է մթնոլորտը այդպիսին լինի, չի պահանջում ու պարտադրում ամեն գնով անձի կալանավորումը: Առավելեւս, որ կալանավորումն ավելի շատ պատժատեսակ է դարձել, քան թե խափանման միջոց: Մենք հույս ունենք, որ այդ անձնական երաշխավորությունը կբավարարվի»,- նշում է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։