Քաղաքապետարանի պատասխանը՝ տրանսպորտի հարցով
Երևանի քաղաքապետի տեղակալ, ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը պատասխանել է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանին։
Արմեն Պողոսյանը լրատվամիջոցների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման համար ստեղծված հանձնաժողովի 36 անդամից ընդամենը երկուսն են ներկայացնում սպառողների շահերը։ Այս հայտարարության առնչությամբ Վահե Նիկոյանն ասում է.
«Սպառողների շահերի պաշտպանը, եթե բարեխիղճ լիներ և ներկա լիներ հանձնաժողովի նիստին, ապա տեղյակ կլիներ, որ հանձնաժողովի անդամների թիվը ոչ թե 36, այլ 37 է: Դավադրությունների տեսությունը, ցավոք, ոմանց հանգիստ չի տալիս։ Երևանը համայնք է, իսկ տեղական ինքնակառավարման մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի գերագույն շահը համայնքի յուրաքանչյուր բնակչի շահն է, բնակիչ, ով նաև սպառող է։
Միայն հասարակական կազմակերպության անունը դեռևս ոչինչ չի կարող որոշել։ Նույն պարոն Պողոսյանին հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկվել՝ հենց հաշվի առնելով իր ղեկավարած հասարակական կազմակերպության հիմնական առաքելությունը:
Ուստի հանձնաժողովի անցկացրած երկու նիստերից մեկին չմասնակցելը և այդ պարագայում առավելևս չմասնակցած նիստի վերաբերյալ դատողություններ անելը ամենևին էլ չի խոսում այն մասին, թե հասարակական կազմակերպությունն արդյունավետ է իրականացնում իր առաքելությունը՝ առնվազն նշված հանձնաժողովի աշխատանքներին արդյունավետ մասնակցության մասով։
Պարոն Պողոսյանը մասնակցել է հանձնաժողովի միայն առաջին նիստին և խոստացել ներկայացնել իրեն հուզող հարցերով ինչ-ինչ փաստաթղթային հիմնավորումներ և հաշվարկներ. այդ ամենը, սակայն, բանավոր խոստումից այն կողմ չի անցել։
Երկրորդ նիստին նա ոչ միայն չի մասնակցել, այլև իր կողմից արված հայտարարությունից տպավորությունն այն է, որ վերջինս նաև անտեղյակ է նիստի ընթացքում քննարկված հարցերից: Նրա մեկնաբանությունները մասնավորապես ուղևորահոսքի հաշվարկի մասով՝ ամբողջովին ենթադրությունների ոլորտից են, հորինվածք, ուղղակի սովորական սուտ։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ հանձնաժողովի երկրորդ նիստում ուղևորահոսքի խնդիրը չի քննարկվել: Ավելին, կարևորելով այդ բաղադրիչը, նախատեսվել է այն հանձնաժողովում առանձին քննարկման նյութ դարձնել։
Պարոն Պողոսյանին առաջարկում ենք սպառողի, իսկ այս դեպքում տրանսպորտային երթևեկությունից օգտվող բնակչի շահերը գործնականում և արդյունավետ պաշտպանել հանձնաժողում՝ մասնագիտական քննարկումների ժամանակ, վերջապես ներկայացնել իր խոստացած գրավոր փաստարկներն ու հաշվարկները և դրանով օժանդակելով խնդրի լուծմանն ուղղված ընդհանուր ջանքերին՝ զերծ մնալ ենթադրական ելույթներից։
Սպառողի շահը չի կարելի շղարշել նրան հասցեագրվող հաճելի և ցանկալի, իսկ երբեմն էլ էթիկայի սահմաններն անցնող ելույթներով կամ արտահայտություններով։ Սպառողի շահի պահպանումը նախ և առաջ նրան հուզող խնդրի մասին ամբողջական իրազեկումն է, ճիշտ տեղեկատվության ապահովումը և իրավիճակի ու դրա լուծման համար առաջարկվող լուծումների իրատեսական ու սթափ գնահատականներն ու մոտեցումների ազնիվ մատուցումը»։