Արմեն Աշոտյանը դժգոհ է
Ինչպե՞ս օգնել որոշ ուսանողների՝ առաջադիմությունը բարձրացնել։ Այսօր սա էր Կրթության եւ գիտության նախարարին հուզող թիվ մեկ հարցը։
Երիտասարդության օրվա առթիվ Արմեն Աշոտյանը այսօր հանդիպեց բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների հետ։ Նրա տվյալներով՝ միայն այս կիսամյակի ընթացքում 1800 ուսանող բուհերից դուրս է մնացել:
Նախարարին մտահոգում է նաեւ, թե ինչով են այսօր զբաղված ուսխորհուրդները։
Ուսխորհուրդների ղեկավարները նախարարին խոստացան լուծում տալ բարձրացված հարցերին։ Մինչ այդ վստահեցրեցին, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե ուսումնական գործընթացով զբաղվելու փոխարեն բուհերը կուսակցականացվել են։
Թեեւ Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը հանդիպմանը եկել էր Հանրապետական կուսակցության կրծքանշանով, վստահեցրեց.
«Մենք բուհում կուսակցական քաղաքականություն չենք իրականացնում, բնականաբար փորձում ենք բուհից դուրս անել»:
Ուսխորհուրդների ղեկավարներն այսօր անդրադարձան նաեւ ուսվճարների խնդրին։ Ի տարբերություն շատ ուսանողների, նրանք շարունակում են պնդել, որ այս հարցի շուրջ պայքարը չպետք է տարվի փողոցում։
Հիշեցնենք, որ այս ուստարում ուսման վարձավճարները բարձրացան, իսկ ուսանողների պայքարը որեւէ արդյունք չտվեց։