Իշխան Զաքարյանն այսուհետ ավելի փափո՞ւկ կլինի
Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, ապա նա պետք է պատժվի, այս դեպքում արդյոք Վերահսկիչ պալատի բացահայտումներից հետո եղե՞լ են պատժվողներ: Այս հարցն էր հետաքրքրում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, որն այսօր այս հարցն ուղղեց ՎՊ նախագահի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածու Իշխան Զաքարյանին:
Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ինքն իր պաշտոնավարման ընթացքում երբեւէ քաղաքական գնահատականների շրջանակ չի մտել ու այժմ էլ չի մտնի. «Իսկ այն, որ ընդհանրապես չկա անպատժելիություն, ինչպե՞ս չկա, կա, ու դրա մասին համապատասխան կառույցները տալիս են համապատասխան ինֆորմացիա»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն Իշխան Զաքարյանին հիշեցրեց, թե ինչպես նա Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությանը հրապարակային դատափետման ենթարկվեց, երբ չարաշահումների վերաբերյալ բացահայտումները ներկայացրեց. «Հիմա ի՞նչ երաշխիք կա, որ ձեր վերանշանակումը չի վկայում այն մասին, որ ձեր մոտեցումներն այսուհետ ավելի փափուկ կլինեն ու արդեն աչք կփակեք շատ չարաշահումների վրա»:
Իշխան Զաքարյանը վստահեցրեց, որ ինքը բոլոր խմբակցությունների հետ խոսել է, որ պահելու է կարեւորագույն սկզբունքը՝ բաց, հրապարակային աշխատելու սկզբունքը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությանը, ապա նա նշեց, որ դա ընդամենը աշխատանքային խորհրդակցություն էր ու կարող էին լինել նման կոշտ գնահատականներ:
Լեւոն Զուրաբյանին նաեւ հետաքրքրում էր՝ արդյոք նա պլանավորո՞ւմ է ստուգել այնպիսի ձեռնարկություններ, որոնք պատկանում են օլիգարխներին և որոնք խուսափում են հարկերից ու արտոնյալ պայմաններում են, օրինակ՝ Բարսեղ Բեգլարյան, Գագիկ Խաչատրյան, Սամվել Ալեքսանյան: «Մասնավոր հատվածում մենք ստուգումներ անում ենք այնքանով, որքանով, այսինքն՝ այնքանով, որքանով առնչվում են պետական բյուջեի հետ»,- արձագանքեց Իշխան Զաքարյանը: