Բացօթյա ապօրինի առևտուրը կվերացվի
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, «Երևանջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել ընկերությունների
կողմից վթարների վերացման աշխատանքների հետևանքով առաջացած անհարմարությունները և մայրաքաղաքի փողոցների և մայթերի այդ հատվածները բերել պատշաճ տեսքի:
Զեկուցվել է, որ շարունակվում է վերահսկողությունը, ինչպես մայրաքաղաքում
ապօրինաշինությունները կանխելու և վերացնելու, այնպես էլ շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ապահովելու ուղղությամբ:
Առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրը կանխելու և վերացնելու, ինչպես նաև մայրաքաղաքի որոշ հատվածներում դեռևս նկատվող ապօրինի ավտոկայանատեղիների գործունեությունը կանխելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ օրենքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկվում Երևանի ավագանու կողմից սահմանված հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերը չկատարող տնտեսվարողների նկատմամբ: Հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունն ու, միաժամանակ, հետևողական լինել հատկապես մայթերին և սիզամարգերում կայանած մեքենաների տերերի նկատմամբ համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու մասով:
Մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների մասով զեկուցվել է, որ արդեն պատրաստ է Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի շինարարության երկրորդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը, իսկ առաջին փուլի աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Զեկուցվել է նաև, որ Կարապետ Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների ճանապարհային հանգույցի շինարարությունն արդեն ավարտական փուլում է:
Երեւանի քաղաքապետարան