Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենավտանգավոր մարդը Վարդան Պետրոսյա՞նն է

Հասարակություն
c4cc1a12f27500fbee9a65e875605671

«Վարդան Պետրոսյանի հանդեպ անմարդկային վերաբերմունք են ցույց տալիս, ինտելիգենտ մարդ է ձեռքներն ընկել, հեշտ է նրա հետ հաշվեհարդար տեսնե՞լ», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Վարդան Պետրոսյանի նման բարոյական մարդու հանդեպ չպետք է նման վերաբերմունք ցույց տալ, հատկապես, որ նա չի խուսափում պատասխանատվություն կրելուց։ «Դա բարբարոս գիշատիչ վերաբերմունք է, ատելություն է հոգևորի հանդեպ, մեր տեսակն ընդունված չէ այս աշխարհում», - նշեց նա։

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասաց, որ պետք է քննիչը փոխվի.«Եթե չփոխվի, մենք կասենք, որ դա ողջ քննչական դաշտի մոտեցումն է», - և հավելեց. «Մենք չենք եկել ասելու, որ նա պետք է խուսափի պատասխանատվությունից, մենք ուզում ենք խափանման միջոցը փոխել, պարզապես արդարադատությունը չպետք է վերածվի դաժանության»։

Դիրիժոր Տիգրան Հեքեքյանը նախ ցավակցեց ավտովթարի արդյունքում զոհված երեխաների հարազատներին. «Սա կարող էր պատահել ցանկացածի հետ, դեռ պետք է պատճառը պարզել: Եվ ո՞վ է ասել, որ եթե մեկը ողջ է մնացել, ուրեմն անպայման մեղավոր է: Խոսքը անմեղության կանխավարկածին է վերաբերվում, որը այս երկրում չի գործում»:

Արա Խզմալյանն էլ ավելացրեց. «Այնպիսի տպավորություն է, կարծես հանրապետության ամենավտանգավոր մարդը Վարդան Պետրոսյանն է, չկա հանդուրժողականություն միմյանց հանդեպ»։

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից հետո երկու օր առաջ դերասանի հանդեպ խափանման միջոց կիրառվեց կալանքը: Մի խումբ արվեստագետներ այս որոշումից հետո հավաքվել և նամակ են ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վարդան Ռշտունուն՝ խափանման միջոցը փոխելու համար:

Արվեստագետները նամակում երաշխավորում են, որ Վարդան Պետրոսյանը չի խուսափի դատաքննությունից և չի խոչընդոտի քննությանը: