Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նախագահը նկատողություն արեց Զ. Փոստանջյանին

Քաղաքականություն
8d6505d6518031a636bb4a137efc9479

ԱԺ-ում այսօր, երբ պետք է քվեարկության դրվեր «Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին» օրենքի նախագիծը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նման օրինագծին կողմ քվեարկելն անբարոյականություն է. «Պաշտոնյաների երեխաները գիշերները սոված չեն քնում, մինչդեռ շատ ընտանիքներ այսօր օրվա հացի խնդիր ունեն ու այս ֆոնին բարձրացնում ենք պաշտոնյաների աշխատավարձերը»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ չվիրավորի գործընկերներին. «Դուք կոռեկտ ձեզ պահեք, մանավանդ իրավաբան եք»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նման օրինագծին. «Մենք անընդունելի ենք համարում, որ կոռուպցիայի մեջ թաթախված պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանան, երբ երկիրը աղքատության մեջ է: Միայն կաշառակերների հեռացումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ այս օրինագծին»:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին եւս դուր չէին եկել Զարուհի Փոստանջյանի խոսքերը. «Այս նախագիծը վերաբերելու է 164,5 հազար մարդու, որի մեջ մենք ընդամենը այն հինգ հարյուրն ենք: Սա ռեֆորմ է, որ անընդհատ ուզում էինք իրականացնել: Այս պահին ես ձեռնպահ կքվեարկեմ, սակայն ասել, որ մենք հավաքվել ենք միայն մեր աշխատավարձերի բարձրացման մասին խոսելու, դա խեղում է իրականությունը»:Հովիկ Աբրահամյանը ավելացրեց, որ պետական պաշտոնյաներն այս ցանկում ընդամենը 630-ն են:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են նախագծին ու նույնիսկ կարծում են, որ ավելի մեծ գործակցով պետք է բարձրացվեին աշխատավարձերը. «Սակայն այս պահին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը մենք դեմ ենք ու դեմ ենք քվեարկելու»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, որ կառավարության կողմից «պադվոխա» կա. «Իշխանությունը պետք է հաջորդ իշխանության աշխատավարձը բարձրացնի, ընդունի մի որոշում, որը ուժի մեջ կմտնի, ասենք, 2017թ., մինչդեռ հիմա ինքն իր աշխատավարձն է բարձրացնում. բարձրացրեք ընդդիմության ու նախագահի աշխատավարձերը, սա կատակ չէ»:

Հովիկ Աբրահամյանի համբերության բաժակը լցվեց եւ նա հայտարարեց. «Ես համբերությամբ լսում եմ ձեզ, սակայն ինչքան կարելի է շարունակել. ժողովուրդը մեզ վստահել է ու հիմա մենք օրենք ենք խախտում՝ «ԱԺ կանոնակարգ օրենքը», ու անցել ենք բովանդակային քննարկումների»:

Երբ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խոսք խնդրեց, պարոն Աբրահամյանը զգուշացրեց. «Միայն վարման կարգի մասին կխոսեք» «Ես ուզում էի ասել, որ հարգում եմ ձեզ, պարոն Աբրահամյան, ձեր մոտեցումը, որ այդպես սկզբունքային եք»: Այս հայտարարությունը ծիծաղ առաջացրեց պատգամավորների մոտ: