Դիմում ԱԺ պատգամավորներին՝ «ցավը տանելու» համար
Պալիատիվ խնամքը ընդունված է ամբողջ աշխարհում, դրա նպատակն է բարելավել այն մարդկանց կյանքի որակը, որոնք տառապում են ծանր հիվանդությամբ:
Այսօր Երեւանում «Ընթացիկ զարգացումները պալիատիվ օգնության ոլորտում» միջազգային համաժողով էր կազմակերպվել։
Հայաստանի հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ Հրանտ Կարապետյանի խոսքերով՝ եթե մի քանի տարի առաջ մարդիկ չգիտեին, թե ի՞նչ է պալիատիվ օգնությունը, ապա հիմա գիտեն։ Տարվա կտրվածքով Հայաստանում՝ 100.000 հիվանդներ եւ ընտանիքի անդամներ կարիք ունեն պալիատիվ օգնության։
Պարոն Կարապետյանը չգիտի մի ծրագիր, որը ավելի շատ շահառու ունենա, քան պալիատիվ օգնության այս ծրագիրը։
«Ծրագրի համար պետք է անել առաջին քայլը եւ սարքել պալիատիվ օգնության հանրապետական կենտրոնը։ Այսինքն՝ մեր հիվանդների ցավը տանենք. ասում ենք ցավը տանենք՝ դա եւ ֆիզիկական ցավն է եւ հոգեկանը եւ մնացած ձեւերը»,- նշեց Հայաստանի հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահը։
Նրա խոսքերով՝ ծրագրի արժեքը ընդամենը 2 մլն դոլար է։ Հրանտ Կարապետյանը նամակ է պատրաստել` դիմելով ԱԺ բոլոր պատգամավորներին, Հայաստանի խոշոր հարկատուներին, բարերարներին՝ ֆինանսական օգնություն ցույց տալու համար. ակնկալիքները մեծ են։
Մի քանի ամիս առաջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է պալիատիվ օգնության Հայաստանում առաջին համապարփակ ծառայությունը։
Սակայն պետության կողմից օժանդակություն չունենալու պատճառով ծառայությունը վճարովի է։
«Որպես բժիշկ՝ ես ինձ շատ վատ եմ զգում, երբ որ հիվանդը գալիս է, ես գիտեմ, որ կարող եմ օգնել, բայց բուժումը վճարովի է»,- հայտարարեց պարոն Կարապետյանը։
Ի դեպ, բուժման մեկ օրն արժե 20.000 դրամ։
Հայաստանի հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահի խոսքերով՝ օրինակ Վրաստանում բուժման 70 տոկոսը ֆինանսավորում է պետությունը, իսկ 30 տոկոսը հիվանդի հարազատները, կամ բարեգործական կազմակերպությունները. «Իմ նպատակն այն է, որ հիվանդի հարազատները որեւէ գումար չծախսեն»,- եզրափակեց Հրանտ Կարապետյանը։