Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման մասին
Վահե Գրիգորյան
Նրանց, ում «խորհրդակցական սենյակ» բառակապակցությունը ոչինչ չի ասում պարզաբանեմ հասարակ լեզվով: Ուրեմն սա դատավոր(ներ)ի կողմից գործով կայացվելիք որոշման/ակտի վերաբերյալ խորհրդակցության կամ քննարկման (եթե դատական կազմը կոլեգիալ է՝ կազմված է մի քանի հոգուց) կամ ուսումնասիրության եւ մտորման (եթե ակտը կայացվում է դատավորի կողմից՝ միանձնյա) համար նախատեսված առանձնացման ռեժիմն է: Այն բառացիորեն կարող է լինել նաեւ սենյակի տեսքով (մասնավորապես՝ դատավորի աշխատասենյակի կամ այդ նպատակի համար առանձնացված սենյակի ձեւով): Բայց սա չէ կարեւորը: Իսկ կարեւորը հետեւյալն է. խորհրդակցական սենյակի գաղտնիությունը պաշտպանվում է օրենքով եւ խստագույնս պատժվում է դրա խախտումը: Խորհրդակցական սենյակի գաղտնիության վերաբերյալ օրենքի նման կատեգորիկ նորմի խախտումը կարող է հանգեցնել նաեւ կայացված ակտի բեկանման/վերացման/փոփոխման: Ավելին` դատավճիռների դեպքում, դրանք ամեն դեպքում ենթակա են բեկանման, եթե խախտվել էր խորհրդակցական սենյակի գաղտնիությունը: Մյուս կողմից՝ խորհրդակցական սենյակի գաղտնիության խախտումը դատավորի կողմից կարող է հանգեցնել ուղղակի եւ ծանր հետեւանքների նաեւ հենց նրա համար:
Հուսով եմ մոտավորապես կարողացա այս մի քանի նախադասությամբ փոխանցել, թե ինչ ասված է խորհրդակցական սենյակ: Չեմ ցանկանում այլեւս կենտրոնանալ այս իրավական ինստիտուտի բացառիկ կարեւորության եւ դրանով նախատեսված երաշխիքների վրա:
Ուրեմն, այսօր մինչեւ քաղաքացի Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու թույլտվության վերաբերյալ քննիչի միջնորդությունը խորհրդակցական սենյակում կքննվեր ոմն դատավորի կողմից (չգիտեմ անունը, կարեւոր չէ, ով գիտի ավելացրեք), մի քանի լրատվամիջոց հրապարակել է տեղեկատվություն հետեւյալ բովանդակությամբ. Վարդան Պետրոսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է (գուցե ոչ բառացի փոխանցեցի, բայց նույն բովանդակությամբ):
Պարզաբանում
Ա1+-ը եւս տեղադրել էր այդպիսի լուր` հղում անելով այլ լրատվամիջոցի: Ադ տեղեկատվությունը ընթացքում փոփոխվել է` լրացվելով; Ներողություն ենք հայցում` երկրորդ տարբերակի համար;