ԲՀԿ-ականը քննադատում է կառավարության քայլերը
«2014 թվականի բյուջեի նախագիծը էապես տարբերվում է 2013 թվականի բյուջեի եկամտային և ծախսային տրամաբանությունից»,- տեղեկացնում է ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը։
Նա ընդգծում է մի շարք առանձնահատկություններ. «Ակնկալվում է, որ 2014 թվականի բյուջեի եկամտային մասի վրա որոշակի ազդեցություն չեն ունենա վարչարարության նոր լծակները,այսինքն՝ լրացուցիչ վարչարարական գործիքներ կառավարությունը չի նախատեսում, երկրորդը, որ հարկային բեռի ավելացում չի լինելու և իհարկե փորձ է արվելու ինչ-որ կերպ շտկել առևտրի պայմանների վատացումը, տնտեսական աճի տատանումը և առևտրաարդյունաբերային պայմանագրերի խաթարված լինելը»։
ԲՀԿ պատգամավորը չի մոռանում նաև նշել, որ ԲՀԿ-ն վերջին մեկ ու կես տարվա մեջ մոտ երկու տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել,որոնցից, սակայն ընդունվել է միայն մեկը. «Մենք դեմ չենք աշխատավարձերի բարձրացմանը, բայց եթե այդքան մարդու զրկում ենք գործազրկության նպաստից և անհայտ ծրագրերի վրա ուղղում, դա այդքան էլ ճիշտ չէ: Պետք է աստիճանաբար գործել»:
Չնայած իր իսկ կողմից նշված թերություններին`Միքայել Մելքումյանը հրաժարվեց բալային սանդղակով գնահատել կառավարության աշխատանքը: