Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ձեւաչափ. Կյանքը՝ Վիլնյուսից հետո

Քաղաքականություն
64339b5e59f0dd391a999f4461cbfd3e

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄԽԽ Խորհրդատվական խորհրդի տասնչորսերորդ նիստը:

Բացելով նիստը` Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում(...)»։

Արթուր Բաղդասարյանի խոսքով անհրաժեշտ է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունից վերցնել այն ամենակարևորը, որ կար եվրոպական ուղղության վրա, այն է՝ քաղաքական երկխոսությունը, արժեհամակարգային այն փոխգործակցությունը, որը թույլ է տալիս արդիականացնել երկիրը:

«Մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել մի փաստաթուղթ, որը կնախանշի, թե ինչ ձևաչափով ենք շարունակելու մեր համագործակցությունը:

Թե ինչ ձև կընդունի Հայաստան-ԵՄ համագործակցությունը, արդյոք այն կսահմանվի որևէ այլ պայմանագրով կամ այլ փաստաթղթով, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ Երևանի ու Բրյուսելի միջև ակտիվ համագործակցությունը կշարունակվի անկախ առկա գործընթացներից, կասկած չի հարուցում: Գլխավորն այն է, որ Հայաստանը վճռականորեն է տրամադրված Եվրոպայի հետ երկխոսությանն ու սկսած ժողովրդավարական բարեփոխումների շարունակմանը` եվրոպական բոլոր չափորոշիչներին համապատասխան»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր խոսքում նշեց, որ Եվրամիությունը պատրաստ է նախկինի պես աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը. «Եվրամիությունը Հայաստանի հետ երկար տարիների համագործակցության արդյունքում բավական լուրջ հաջողությունների է հասել և օգնել է Հայաստանին մոտենալ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը:

Սակայն Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումից հետո համագործակցության որոշ ուղղություններ ոչ արդիական դարձան, ուստի մենք պետք է շարունակենք համագործակցությունն արդեն նոր ձևաչափով,
որը շահավետ կլինի երկու կողմերի համար»:

Տրայան Հրիստեան կիսում է Հայաստանի իշխանությունների ակնակալիքները Վիլնյուսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ համագործակցության նոր ուղիները հստակեցնելու առումով: «Սակայն պետք է նշեմ, որ կյանքը Վիլնյուսից հետո էլ շարունակվելու է: Մենք բարձր ենք գնահատում այն բարեփոխումները, որ իրականացրել ենք այս տարիներին և պատրաստ ենք շարունակել դրանց իրականացումը»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ դեռ ժամանակ կա համագործակցության նոր ձևաչափը քննարկելու և հաստատելու համար:

Հրիստեան նաև նշեց, որ ԵՄ-ն Հայաստանում լուրջ հաջողությունների է հասել մարդու իրավունքների, ժողովրդավարության հաստատման, ինչպես նաև արդարադատության և անվտանգության ոլորտներում բարեփոխումների հարցում:

Ի լրումն. ԵՄ խորհրդատվական խումբն իրականացրել է Հայաստանի հիմնական մարտահրավերների և իր աշխատանքների գնահատում: Հաշվետվության մեջ մասնավորապես մեծ ուշադրություն է հատկացվել քրեական, վարչական և քաղաքացիական արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Ներկայացվել են նաև առաջարկություններ մասնավորապես մարդկանց թրաֆիքինգի, կիբերհանցագործության, փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների ոլորտներում երկրի մարտահրավերների վերաբերյալ:

ԱԱԽ մամուլի ծառայություն