Կ. Արեյանը ժամանակին երթեւեկել է երթուղայինով
Քանի դեռ քաղաքային տրանսպորտի սակագնի համար ստեղծված հանձնաժաղովը չի ավարտել իր աշխատանքները, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը որեւէ մանրամասնություն չի կարող հայտնել: Նա միայն նշեց, որ քննարկումները բավականին թեժ են, ինչպես նաեւ՝ բաց, իսկ սակագնի հաշվարկումը՝ խիստ տարբեր. կան կարծիքներ 120 դրամի, կան՝ 130 դրամի, կան նաեւ՝ 150 դրամի վերաբերյալ:
Նա վստահեցրեց՝ թեեւ հիմա ծառայողական մեքենայով է շրջում, բայց ժամանակին շատ է երթեւեկել քաղաքային երթուղայիններով, եւ իրեն եւս չի բավարարել նրանց վիճակը ու ծառայությունների որակը. «Եթե հիմա որեւէ բան չանենք այդ ուղղությամբ, ավելի կխորանա վիճակը. պետք է կամք դրսեւորել, հետեւողականություն, հիմնավոր հաշվարկներով փոխել տրանսպորտի վիճակը Երեւանում: Ինձ եւս՝ որպես քաղաքացի, դուր չի գալիս՝ ինչպես են քաղաքացիները կքած երթեւեկում միկրոավտոբուսներով, ինչպես նաեւ՝ նրանց տեխնիկական վիճակը»:
Ըստ նրա՝ տրանսպորտի սակագնի թանկացումը ենթադրում է նաեւ հասարակական պահանջարկ՝ ապահովելու որակ. «Որակյալ ծառայությունը բերում է նոր ծախս: Միակ իրական լուծումը կլինի այն, որ ձերբազատվենք հասարակական տրանսպորտը սպասարկող միկրոավտոբուսներից, քաղաքը համալրենք միջին ու մեծ տարողունակության ավտոբուսներով, որը կապահովի լիարժեք երթեւեկություն եւ կթեթեւացնի ծանրաբեռնվածությունը, սա անխուսափելի պահանջ է նաեւ բնակչության կողմից ու սա մեկ օր պետք է սկսվեր»:
Ինչ վերաբերում է շատ կազմակերպությունների այն հայտարարություններին, թե եղած հարյուր դրամի շրջանակներում էլ հնարավոր կլիներ տեղավորվել ու ապահովել որակյալ ծառայություն, պարոն Արեյանը հայտարարեց, որ հաշվարկները կարող են տարբեր լինել. «Այ, ես՝ որպես հայ մարդ, երբեք չեմ ցանկացել նմանվել որեւէ երկրի, այդ թվում՝ Վրաստանին, քանի որ նույն Վրաստանը շատ հարցերում, ինչպես եւ տրանսպորտի պարագայում, մեզ նմանօրինակում է:
Պետք չէ հրապուրվել հարեւանի օրինակով՝ մենք ունենք ռեֆորմներ շատ ավելի հիմնավոր, դրական ու օրինակելի ու ըստ այդմ, մեր երկրի վարկանիշը շատ միջազգային ցուցանիշներով բարձրանում է»:
Մեր այն դիտարկմանը, որ քաղաքային տրանսպորտը վնասով աշխատող ոլորտ է ու հիմնականում սուբսիդավորվում է պետության կողմից, Կամո Արեյանը նշեց. «Մեզ մոտ սուբսիդավորում մասամբ կիրառվում է մետրոպոլիտենի ու էլեկտրոտրանսպորտի դեպքում, քաղաքային մյուս տրանսպորտի դեպքում չի կիրառվում՝ նայած երկրի քաղաքականություն, նայած՝ երկրի վիճակ, մեզ մոտ այս վիճակն է»: