Եզդիների մասին տվյալները խեղաթյուրվա՞ծ են
Ազգային Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում ապրում են 30000- 35000 եզդի։ Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը համաձայն չէ այս տվյալների հետ։ Նրա խոսքով՝ թվերը չեն համապատասխանում իրականությանը, և եզդիների թիվը կրճատում են։ Նրա տվյալներով՝ այսօր Հայաստանում ապրում են 50000-55000 եզդի։
Նրան զայրացնում է նաև այն փաստը, որ ըստ նույն տվյալների, 42000 եզդի իրենց մայրենի լեզուն հայերենն են համարում։ «Եզդիները համեմատած այլ փոքրամասնությունների հետ ավելի փակ համայնք են, նրանց մոտ խառնամուսնություններ չեն գրանցվում, ուստի լեզուն վտանգված չէ», - ավելացրեց Սաշիկ Սոււլթանյանը։
Սուլթանյանի կարծիքով, այն որ համաձայն այդ տվյալների՝ եզդիներից 10000 հայերեն չգիտեն, նույնպես խեղաթյուրված թիվ է։
«Եզդիների մեծ մասը հայկական դպրոցներում են սովորում, իսկ եզդիերենը որպես առարկա է միայն դասավանդվում»,- մեկնաբանեց նա։
Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահը եզդիների վերաբերյալ տվյալների խեղաթյուրումը տեխնիկական պատճառ է համարում.«Ես գիտեմ 3-4 եզդիաբնակ գյուղեր, որտեղ մարդահամար չեն անցկացրել, ուղղակի փաստաթղթերով լրացվել են», - ասաց Սուլթանյանը։
Նա նաև նշեց, որ տվյալները վերլուծելով, ստացվում է այնպես, թե եզդիներն ավելի շատ են Հայասատանից արտագաղթում, քան հայերը.«Այդ թվերը չափազանցված են», - ասաց Սուլթանյանը։