Ինչո՞ւ չի փախել բանդայի պարագլուխը
Աջակցիր «Ա1+»-ին
Բանդայի գործ գոյություն չունի, կա Արտուշ Հակոբյանի գործ: Կարծում է քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Նրա համար տարօրինակ է նաեւ այն հանգամանքը, որ Արտուշ Հակոբյանին համարում են բանդայի ղեկավար: «Բայց դա աբսուրդ է: Գաղտնազերծվել են Արտուշ Հակոբյանի հեռախոսազանգերը եւ այդ զանգերի մեջ որեւէ կապ չկար այն տղաների հետ, որոնք նստած են ամբաստանյալի աթոռին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քրեագետը:
Ըստ նրա՝ նախաքննության մարմնի կողմից որպես բանդայի պարագլուխ հանդես եկող Արտուշ Հակոբյանը, դեպքի հաջորդ օրը գնացել է «Ագուլիս» ռեստորան՝ ծնունդի մասնակցելու:
«Եթե բանդայի ղեկավարն էր, չէր կարող փախնել, թռնել Ֆիլիպիններ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ հենց ռեստորանից նրան ձերբակալել են, իսկ մեքենան մնացել է այնտեղ:
Քրեագետի խոսքերով՝ միայն հաջորդ օրը խուզարկել են մեքենան եւ այնտեղ ինչ-որ շորեր եւ թմրանյութ հայտնաբերել:
Նրա խոսքերով՝ մեկ տարուց ավելի ընթացող դատավարության ժամանակ կոնկրետ նոր փաստ չի ներկայացվել, ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, իսկ տուժողները չեն հավատում, որ հանցագործությունը կատարել են ամբաստանյալները:
Հիշեցնենք, որ Բանդայի գործով պարագլուխ ներկայացվող Արտուշ Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը, հայտարարել է, որ այս գործը հարուցվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անձնական վրեժխնդրության արդյունքում: Տարիներ առաջ միջադեպ է տեղի ունեցել եւ Արտուշ Հակոբյանը հարվածել է Ալիկ Սարգսյանին:
Ինչպես Արտուշ Հակոբյանը, այնպես էլ մյուս չորս ամբաստանյալները, մեղադրվում են մի շարք տների վրա ավազակային հարձակում կատարելու մեջ: