Վերամկրտության փաստն անընդունելի է
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը բացարձակ անընդունելի է համարում Ավետարանական եկեղեցիներում վերամկրտության փաստը:
Նախօրեին Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի Արագածոտնի գրասենյակի ղեկավար, Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանը հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ավետարանական եկեղեցում, չնայած գոյություն ունեցող պայմանավորվածությանը, վերամկրտություն է իրականացնում:
«Ցավալի է այն ամենը, որ հնչեցվեց վերապատվելի Արմեն Միքայելյանի կողմից», - նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նա հիշեցրեց, որ երկար ժամանակ Մայր Աթոռը վերապահություններ ուներ Ավետարանական եկեղեցու նկատմամբ։
«Այս մասին բազմիցս խոսվել և բարձրաձայնվել է: Տեղեկացնեմ, որ ավելի քան մեկ ու կես տարի է, ինչ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ստեղծվել է հատուկ մի հանձնախումբ, որը Ավետարանչական ընկերակցության նշանակած ներկայացուցիչների հետ քննում է բոլոր այն պարագաները, որ խնդրահարույց են երկու Եկեղեցիների հարաբերություններում: Մասնավոր անդրադարձ կատարվել է նաև կրկնամկրտության խնդրին, ինչը չափազանց մտահոգիչ է: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել դադարեցնել ավետարանական հովիվների նմանօրինակ գործելակերպը: Ցավոք, փաստորեն իրողություններն այլ են: Նման պահվածքը բացարձակ անընդունելի է», - եզրափակեց Մայր Աթոռի մամուլի խոսնակը: