Երեւանի կրկեսը՝ մարզերում
Երևանի կրկեսի կոլեկտիվը վառ տոն է նախապատրաստել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների համար: Կրկեսային արտիստների ելույթները Տավուշի մարզում նախատեսված են նոյեմբերի 2-3-ին, իսկ Գեղարքունիքի մարզում՝ նոյեմբերի 9-10-ին:
Դուետով հանդես եկող քույր և եղբայր Անի ու Ռաֆայել Գասպարյանները հանդիսատեսին կներկայանան կրկեսային արվեստի ամենից հազվագյուտ՝ «Լիմբո» ժանրով պատրաստված համարով (անցում՝ տարբեր բարձրությունների վրա դրվող ձողի տակով): Ընդ որում, նրանք այս ուրույն ժանրով իրենց համարը բարդացրել են դաշույնների գործածությամբ դրվագներով, որոնք հանդիսատեսները շատ են հավանել: Այդ համարը ներառված է նաև հյուրախաղային ծրագրում:
Իսկ Երևանի կրկեսի այս ելույթների բազմաժանր ծրագրում, որ մշակել ու նախապատրաստել է Ենգիբարյանի անվան Կրկեսային ստուդիայի ղեկավար Նաիրա Պողոսյանը, ներառված է նաև մարմնամարզական օղակներով համար՝ «Խուլախուպ», որը կներկայացնի ստուդիայի շրջանավարտ Մարիշոկը: Նա արդեն շահել է հանդիսատեսի համակրանքը:
Ներկայացման ընթացքում, որ սովորաբար մեկ ժամից ավելի է տևում, իրենց պատրաստած ուշագրավ համարները կցուցադրեն իլյուզոնիստներն ու ակրոբատները, ծաղրածուներն ու էկվիլիբրիստները, որ, ի դեպ, գործածում են ինչպես տարբեր մեծության կոճեր, այնպես էլ՝ աթոռներ:
Երևանի կրկեսի առաջիկա ելույթների ժամանակացույցը.
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
2-ը նոյեմբերի - Բագրատաշեն (ժ. 12:00-ին), Նոյեմբերյան (ժ. 14:30-ին), Իջևան (ժ. 18:00-ին)
3-ը նոյեմբերի - Բերդ (ժ. 12:00-ին), Դիլիջան (ժ. 17:00-ին)
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
9-ը նոյեմբերի - Վարդենիս (ժ. 14:00-ին), Մարտունի (ժ. 17:00-ին)
10-ը նոյեմբերի - Գավառ (ժ. 14:00-ին) և Սևան (ժ.17:00-ին):
Ելույթները նախատեսված են նշված քաղաքների և բնակավայրերի Մշակույթի տներում:
Հավելենք, որ շենքային պայմանների պատճառով Երևանում հանդես գալու հնարավորությունից ժամանակավորապես զրկված մեր կրկեսի կոլեկտիվն ամբողջ տարվա ընթացքում հյուրախաղային ելույթներ է ունեցել Հայաստանի բազմաթիվ մարզերում: Երևանի կրկեսի կոլեկտիվն ընթացիկ տարում, մինչ այս, հասցրեց իր ելույթներով ուրախություն պարգևել Լոռու, Շիրակի, Սյունիքի և Արարատի մարզերի բնակիչներին ու հատկապես՝ փոքրիկներին: Նմանապես, իր պատմության մեջ առաջին անգամ, Երևանի կրկեսն այս տարի հյուրախաղերով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: