A
A
Զինված քաղաքացին ներխուժել է ՀԱԿ գրասենյակ
Այսօր կեսօրից հետո ՀԱԿ գրասենյակ է ներխուժել զինված քաղաքացի։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, քաղաքացին ձեռքին ունեցել է երկու դաշույն եւ սպառնալիքներ է հնչեցրել Կոնգրեսի ղեկավարության հասցեին, ապա՝ դիմել փախուստի։
Պարոն Մուսինյանը տեղեկացրեց, որ իրենք կատարվածի մասին անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, նրանք այժմ վերցնում են համապատասխան վկայություններ՝ դեպքին ներկա անձանցից։
«Ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել։ Ավելի ուշ հանդես կգանք տեղեկատվությամբ եւ գնահատականներով»,- եզրափակեց Կոնգրեսի մամուլի խոսնակը։
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ա1+»-ին փոխանցեցին, որ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում եւ պարզվում են դեպքի հանգամանքները։