Բուսակերությունը մոդայիկ է դարձել
Մսից ու կենդանական սննդատեսակներից հրաժարվողների թիվը Հայաստանում գնալով աճում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բժիշկ- դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը՝ հավելելով, որ բուսակերությունը մոդայիկ է դարձել։
Նրա խոսքով՝ բուսակերությունը նաև բնավորություն է կերտում. «Բուսակերությունը մարդուն հլու- հնազանդ է դարձնում և ենթարկվող, մինչդեռ միս օգտագործողները նպատակասլաց են ու ավելի գործունյա»։
Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ օրգանիզմի սպիտակուցային պահանջը հնարավոր չէ միայն բուսակերությամբ ապահովել, քանի որ կենդանական ծագման սննդամթերքը պարունակում է օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող ամինաթթուներ.«Միաժամանակ ասել օգտագործել միայն բուսական, թե կենդանանական սնունդ՝ ճիշտ չէ, ուղղակի անհրաժեշտ է ճիշտ սննդակարգ սահմանել», - ասաց նա։
Մասնագետն ավելացրեց, որ որոշ հիվանդությունների, օրինակ՝շաքարային դիաբետի, երիկամների հիվանդության, հիպերտոնիայի ժամանակ բուսակերությունը կիրառվում է որպես բուժման միջոց. «Բուսակերության դեպքում այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ ճարպակալումը, ուռուցքների առաջացումը, կանխվում է», - հայտնեց դիետոլոգը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ը Բուսակերության միջազգային օրն է։