Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի վարչական շրջաններից միայն երկուսն են կանաչ

Հասարակություն
cbbd8cb29322eeaf2a246f60c1150764

Էկոլոգիական ռիսկերի վերլուծության ինտերակտիվ նոր մոդել, որը կօգնի գնահատել բնապահպանական բոլոր ռիսկերը. սա «Էկոլուր» հասարակական կազմակերպության մշակած մոդելն է։ Այսօր մոդելի շնորհանդեսին «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց այն ռիսկերը, որոնք առկա են ՀՀ ողջ տարածքում, քանի որ ինչպես նշեց տիկին Զարաֆյանը՝ միշտ վեճ է գնում բնապահպանների, բիզնեսի ներկայացուցիչների և կառավարության միջեւ.«Մեկն ասում է, որ ռիսկ կա, մեկն ասում է, որ չկա»։

«Մոդելն իրենից ներկայացնում է մի գործիք, որը թույլ է տալիս անմիջապես տեսնել, թե աշխարհագրական կոնկրետ տարածքը որքանով է ենթարկված էկոլոգիական ռիսկերի ազդեցությանը։ Ռիսկերի մասին բոլորը խոսում են, բայց գնահատման կարգը չկա։ Մենք փորձել ենք մի մոդելի մեջ ընդգրկել բոլոր ռիսկերը՝ հիմնվելով բնապահպանական ստանդարտի վրա և կառավարության կողմից ընդունված որոշումների վրա, որոնք սահմանում են նորմատիվները։ Ռիսկերը բաշխված են հինգ կատեգորիաներով՝ օդ, ջուր, հող, կենսաբազմազանություն, առողջություն»,-նշեց Ինգա Զարաֆյանը։

Ինգա Զարաֆյանը շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրեց օդի աղտոտվածության վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, որոնց համաձայն Երեւանը կանաչ քաղաք է։

«Մենք ուսումնասիրել ենք Երևանի 12 վարչական շրջանները, դիտարկել արտադրական արտանետումների ազդեցությունը և համոզվել, որ Երևանի վարչական շրջաններից միայն երկուսն են կանաչ՝ Նուբարաշենն ու Նորք-Մարաշը, Դավիթաշեն համայնքը դեղին է, այսինքն՝ ռիսկային, իսկ մյուս շրջանները աղետալի վիճակում են»,-ասաց «Էկոլուր» ՀԿ նախագահը։