Քննարկվել է «Զվարթնոցի» կլոր շենքի ճակատագիրը
Հոկտեմբերի 31-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը հերթական անգամ եղել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ հիշեցրել է, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով հարցը քննարկել, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելը առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:
Հարցը քննարկման էր դրվել ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների), տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:
Հետագա առավել խորքային ու համակողմանի քննարկումների համար անհրաժեշտություն էր առաջացել օդանավակայանի ղեկավարության կողմից ստանալ և ուսումնասիրել որոշակի փաստաթղթեր` մասնավորապես ընկերության մաստեր-պլանը, որից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել լսել քաղավիացիայի գլխավոր վարչության և օդանավակայանի ղեկավարության տեսակետը, որի նպատակով էլ գումարվել էր ՀԽ փոքր խորհրդի նիստ:
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտնել է, որ իրենց կողմից Հանրային խորհուրդ դիմելը պայմանավորված է եղել գործընթացը թափանցիկ իրականացնելու և հանրության տեսակետը լսելու հանգամանքով:
Օդանավակայանի գլխավոր տնօրենի խոսքով` երբ 2002 թվականին կառավարության և ընկերության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, նախևառաջ կառավարության առջև հարց է դրվել` ստեղծել նո՞ր ուղևորային համալիր, թե՞ վերակառուցել հինը: Կառավարությունը կողմ է եղել նորի կառուցմանը:
Կառուցվել է երկուսուկես միլիոն ուղևորափոխադրումների համար նախատեսված համալիր` չնայած որ ուղևորների թիվն այդ ժամանակ եղել է 600-700 հազար: Այժմ, ըստ Մարսելով Վենդեի, նոր ուղևորային համալիրն ընդլայնելու խնդիր է առաջացել, քանի որ ոլորտը, մասնավորապես բաց երկնքի քաղաքականությամբ պայմանավորված, զարգանալու միտում ունի, և օդանավակայանը պետք է պատրաստ լինի դրան:
Գլխավոր տնօրենը նաև հայտնել է, որ 2002-ին իրենց կողմից հրավիրվել են արտասահմանյան մասնագետներ, որոնք ուսումնասիրություններ են կատարել հին ուղևորային համալիրում և փաստել, որ անգամ այդ ժամանակ կառույցի շինարարությունը չի համապատասխանել որոշակի չափանիշների, այդ պատճառով էլ արագ հայտնվել է նման վատ վիճակում: Վենդեն, սակայն, չի հստակեցրել, թե ինչ կազմակերպությունների մասին է խոսքը:
Նա նաև ընդգծել է, որ հին ուղևորային համալիրն այլևս հնարավոր չէ ծառայեցնել իր նպատակին, և առավել նպատակահարմար է նոր մասնաշենքի ընդլայնումը:
Հարցին, թե ինչու է օդանավակայանի ընդլայնումն իրականացվելու հատկապես հին համալիրի ուղղությամբ, պարզաբանվել է, թե հակառակ դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոխելու օդանավակայանի ողջ կառուցվածքը, ինչը մեծ ծախսերի հետ է կապված:
Նաև նշվել է, որ հին ուղևորային համալիրի տարածքն անհրաժեշտ է միայն որպես նոր օդանավակայանի շարունակություն կառուցելու և օգտագործելու նպատակով, և կլոր շենքը քանդելու դեպքում որևէ այլ նշանակության կառույց այնտեղ չի նախատեսվում:
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտնել է, որ հին ուղևորային համալիրը քանդելը կարժենա մոտ երկու միլիոն դոլար, իսկ ամրացնելը` տասից տասներկու` միաժամանակ նշելով, որ ամրացնելու պարագայում էլ հնարավոր չի լինի ամբողջությամբ պահպանել նախկին տեսքը:
ՀԽ նախագահի հարցին ի պատասխան` նա ասել է, որ օդանավակայանի զարգացման այլընտրանքային տարբերակներ ֆինանսական հաշվարկների տեսանկյունից չեն արվել, սակայն նշել է, որ իրենց կողմից միակ իրատեսական տարբերակը այս պահին համարվում է զարգացումը դեպի հին ուղևորային համալիր:
Սեյսմոլոգ Զավեն Խլղաթյանը Հանրային խորհրդին տեղեկացրել է, որ իրենց կողմից 2011 թվականին իրականացվել են շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ, և պարզվել է, որ շենքը լուրջ վնասվածքներ ունի: Սեյսմիկ իրավիճակի վերլուծությունը նույնպես մտահոգվելու տեղիք է տվել: Միաժամանակ, ՀԽ անդամների հարցին ի պատասխան, սեյսմոլոգը հայտնել է, որ շենքը կարող է դիմանալ ։
Հանրային խորհուրդ