Էդուարդ Գրիգորյանի վիրահատության ծախսերը հոգացել է նախարարությունը
Հոկտեմբերի 30-ին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի փականի վիրահատության ենթարկված՝ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի վիրահատության ծախսերը հոգացել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունը։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին նախարարության լրատվական ծառայությունից՝ միաժամանակ նշելով, որ Առողջապահության նախարարությունը առաջնորդվել է նախարարի 2012 թ.-ի հունվարի 17-ի N32-Ա հրամանով հաստատված չափորոշիչով։ Այն է՝ քաղաքացիական բժշկական կազմակերպություններում ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց բժշկական օգնությունը իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։
Նախարարությունից տեղեկացրին նաեւ, որ անհետաձգելի վիճակների դեպքում բժշկական օգնությունը կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության կանչերի միջոցով և իրականացվում է միայն այն դեպքերում, երբ ուղեգրող գերատեսչական բժշկական կազմակերպություններում բացակայում են համապատասխան պայմաններ տվյալ հետազոտությունը կամ բուժումը կազմակերպելու համար:
Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ վիրահատության ենթարկված ցմահ դատապարտյալի առողջական վիճակը կայուն է եւ դեպի լավն է գնում։ Նա «Նուբարաշեն» ՔԿՀ կտեղափոխվի միայն այն ժամանակ, երբ բժիշկները թույլ տան։