Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձախողածի կամ մերժվածի կարգավիճակում ենք»

Քաղաքականություն
267097dec9a40bc2f15fb045ab8e84c3

Որո՞նք են ԵՄ կամ ՄՄ մտնելու մեր գլխավոր ռիսկերը: Այս հարցն էր այսօր մտահոգում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին, որն իր հարցն ուղղեց ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանին:

«Ես ուզում եմ, որ դուք ոչ թե բանակցային, այլ արդյունքային գնահատական տաք ձեր անցած տարիների գործունեության համար՝ արդյոք հիմա նորից, ինչպես ԵՄ ինտեգրվելու համար, պետք է սկսենք մեր օրենսդրությունը հարմարեցնել ՄՄ-ին ու դրա համար նորից տարիներ կորցնենք»,- շարունակեց իր հարցը պարոն Մելքումյանը:

ԱԳ փոխնախարարը նշեց, որ միանշանակ մեր գործելաոճը փոխվելու է, մեր երկրի օրակարգը ձեւավորող գործիք կդառնա նաեւ այս հանգամանքը»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առավել սուր եւ քննադատական գնահատականներ ու հարցեր ուղղեց Զոհրաբ Մնացականյանին՝ հայտարարելով, որ մեր արտաքին քաղաքականության ոլորտը մերժվածի կամ ձախողվածի կարգավիճակում է. «Պարոն Մնացականյան, եթե ՄՄ-ին անդամագրելու դեպքում դրվի ԼՂ հարցը, որը շահարկվում է անգամ հետադիմական Բելառուսի կողմից, իսկ ՀՀ իշխանությունները լալկանությամբ են զբաղվում»:

Նրան ընդհատեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ զգուշացնելով. «Պարոն Մանուկյան, չի կարելի այդպես, հորդորում եմ մնալ կանոնակարգի սահմաններում»: «Ես չեմ անցնում սահմանը»,- նկատեց պարոն Մանուկյանը, ապա դիմելով ԱԳ փոխնախարարին՝ ավելացրեց. «Եթե դուք զգաք, որ ԼՂ-ն է պայման ՄՄ մտնելու համար, ապա ինչպիսին կլինի ձեր դիրքորոշումը՝ որպես պատվարժան մարդ ու ինչ առաջարկություն կներկայացնենք ձեր ղեկավարին: Ի դեպ, սա այն հարցը չէ, որ մեկ մլն դրամ այս կողմ կամ այն կողմն է կարեւոր: Նաեւ ես չեմ տեսնում, որ այսօր այստեղի դահլիճը լիքն է մտահոգ մարդկանցով»:

Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Արամ Մանուկյանի հարցը անձնական տարր է պարունակում. «Ես կխուսափեմ մտնել այդ տիրույթ, այլ կպատասխանեմ, այլ կերպ՝ 22 տարվա իմ փորձը ցույց է տվել, որ կարիք չկա հայրենասիրության մրցակցություն մեր ոլորտում, ու այն մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, չեմ կարծում, որ հայրենասիրության պակաս ունեն ու հատկապես ԼՂ հարցում: Նման ընտրության հարց, ես վստահ եմ, չի լինելու. մեր երկրում գոնե այս հարցում կա համընդհանուր համաձայնություն»:

Արամ Մանուկյանն ի պատասխան նշեց, որ իր ցանկությունը ԱԳՆ ձախողումը չէ. «Քանի որ այդ ձախողումը կլինի մեր երկրի ձախողումը: Ուղղակի ծրագրել ու ինչ-որ արդյունքի չհասնել, դա էլ է նորմալ, ուղղակի իմ ասածն ուրիշ է՝ սխալի ուղղումն է ուժեղության նշան. եթե զգաք, որ սխալն ակնհայտ է ու տեսնում ես, որ տարիների ձեռքբերածդ ես կորցնում, պետք է հրաժարվել դրանից»: