Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ պետական պարտքը կազմում է 4.7 մլրդ ԱՄՆ դոլար

Քաղաքականություն
cd980067b61c769022ed1e5bea4cd1e7

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվելիք մի շարք դրամաշնորհային ծրագրեր:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին հետաքրքրում էր՝ ունե՞նք արդյոք վստահություն, որ այդ դրամաշնորհները լինելու են, քանի որ դրանք ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածություններ են, եւ այսօր ՄՄ-ին միանալու ֆոնին այլ ընթացք կարող են ունենալ: Ի պատասխան պատգամավորի՝ Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ այդ վստահությունը կա, որ կունենանք այդ դրամաշնորհները. «Ավելի շատ ունենք վստահություն, քան չունենք»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար, Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին էլ հետաքրքրում էր՝ եթե Եվրոպայի հետ քաղաքականապես չենք ասոցացվելու եւ մեր չափորոշիչները ոչ թե Եվրամիության, այլ ՄՄ-ի հետ ենք համահունչ անելու, այս դեպքում որքանո՞վ է արդարացված թարգմանական ծախսերի համար բյուջեից մեծ գումարներ հատկացնելը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին էլ մտահոգում էր՝ որքա՞ն է կազմում մեր արտաքին պարտքը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նկատեց, որ սա Եվրաինտեգրման, այլ ոչ թե Արտաքին հարաբերությունների նախարարության նիստն է, եւ հարցը ճիշտ հասցեատիրոջը չի ուղղված:

«Դրա հետ մեկտեղ էլ այնպես ջղայնացած տոնով եք ասում»,- ժպիտով նկատեց Պավել Սաֆարյանը՝ ավելացնելով, որ պարոն Մանուկյանի բարձրացրած բոլոր հարցերը կան բյուջեում, ու այդ բոլոր հացերը կարող է դուրս գրել, ներկայացնել, ապա տեղեկանքի ձեւով կստանա սպառիչ պատասխաններ: Միաժամանակ պարոն Սաֆարյանը նշեց, որ ՀՀ ամբողջ պետական պարտքը կազմում է 4.7 մլրդ ԱՄՆ դոլար:

Ի դեպ, այսօրվա նիստին առավել ակտիվ էին ԲՀԿ պատգամավորները: