ԵՀՄՖ-ն ԱԺ նախագահից պատասխան է պահանջում
Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին ԵՀՄՖ նախագահությունից
Հարգելի պարոն Աբրահամյան,
Օրեր առաջ Բրյուսելում Հայ դատի գրասենյակի կողմից կազմակերպված համաժողովին ՀՀ վարչակարգի դեմ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի քննադատական ելույթին Դուք արձագանքեցիք, ասելով, որ ճիշտ չէ դրսից քննադատել ՀՀ քաղաքական ղեկավարությանը` առանց մատնանշելու այն երևույթները, որոնք շտկման կարիք ունեն, և որ պատրաստ եք համագործակցության, պատրաստ եք լսել ցանկացած քննադատություն ու առաջարկություն՝ ուղղված ազգային անվտանգությանը
սպառնացող խնդիրների վերացմանը:
ԵՀՄՖ ղեկավարությունը, գոհունակությամբ ընդունելով համագործակցության առաջարկությունը, հայտնում է իր պատրաստակամությունը բարձրաձայնելու ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրները, և հետագա բաց նամակներում կներկայացվեն տարիների ընթացքում կուտակված լուրջ խնդիրներ, որոնց շուտափույթ լուծումները գտնվում են ՀՀ Ազգային Ժողովի տիրույթում:
Մինչ Ձեր կողմից կազմակերպվելիք ԱԺ լսումները, ԵՀՄՖ նախագահությունը նպատակահարմար է գտնում, որպես օրակարգային հարցեր ներկայացնել կոռուպցիոն փաստերի այն փաթեթները, որոնք վրդովության մեծ ալիք են բարձրացրել ոչ միայն հայաստանցիների, այլև աշխարհասփյուռ հայության շրջանակներում ու մինչ օրս չեն ստացել լուծում և բավարար պատասխան:
ԵՀՄՖ նախագահությունը սպասում է Ձեր կողմից ներկայացված փաստերի շուրջ բավարար պատասխաններ 30 օրվա ընթացքում, որից հետո պատրաստ ենք ընդունելու Ձեր հրավերը` մասնակցելու մեր բարձրացրած հարցերի շուրջ ԱԺ լսումներին:
Եթե Ձեր պատասխանները լինեն անբավարար, ապա ԵՀՄՖ նախագահությունը իրավունք է վերապահում դիմել եվրոպական տարբեր փորձագիտական-մասնագիտական մարմիններին և նրանցից հայցել ճիշտ իրավաբանական գնահատականներ Հայաստանում տեղի ունեցած աղմկահարույց փաստերի առթիվ:
Հարգելի պարոն Աբրահամյան, Հայաստանի տնտեսական զարգացումը խոչընդոտող երևույթների ուսումնասիրությունը ԵՀՄՖ տնտեսական հանձնախմբի կողմից բերեցին այն եզրահանգմանը, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին իրականացրել է ոչ գրագետ քաղաքականություն երկրի տնտեսական վիճակը բարելավելու և բարեփոխելու ուղղությամբ, իսկ ներկա ամոթալի վիճակի գնահատանքը ՀՀ քաղաքացիները տալիս են լքելով սեփական երկիրը` նախընտրելով օտարության մեջ ոչ արժանապատիվ կեցությունը:
Որպես նշվածի ապացույց՝ ԵՀՄՖ-ն նույն նամակով ներկայացնում է մեծ աղմուկ հանած և անորոշության մատնված կոռուպցիոն փաստեր՝ հրապարակված հոդվածների տեսքով, որոնց մեղավորները մինչ օրս շարունակում են պաշտոնավարել: Դրանցից մի քանիսը՝ ստորեւ
Պաշտոնյաները փոշիացրել են 170 մլն դոլար. իրավապահները լռում են
Նոր սկանդալային բացահայտում «Նաիրիտի» վարկային պատմությունից
Փողերի լվացման փորձը ձախողվեց. երկու տարբեր վճիռ «Նաիրիտի» գործով
Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով