Ազատամարտիկը կվերադարձնի իր 2 մեդալները
Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի ղեկավար, «Ազգի փրկություն» կուսակցության նախագահ Սարգիս Կարապետյանը կարծում է, որ երկիրը սոցիալ- տնտեսական ծանր վիճակից փրկելու համար Հայաստանին պետք է մի առաջնորդ, որը բարի է եւ չի հետապնդում իր անձնական շահերը։ Այդ պաշտոնում տեսում է նաեւ իրեն. «Եթե մեկ մարդ կարողանում է ազգը կործանել ազգի նախագահ լինելով, ինչու պետք է ինձ նման քաջ մարդը չկարողանա։ Ես ուզում եմ փրկել, իմ թիկունքին իմ նման շատ մարդիկ կան կանգնած՝ նվիրյալ, հայրենասեր»,- նշեց նա։
Միաժամանակ նա չի ցանկանում առաջադրվել որպես նախագահի թեկնածու։
«Ես իմաստ չեմ տեսնում ընտրություններին մասնակցելու համար»,- նշեց ազատամարտիկը։
Ազատամարտիկի խոսքերով՝ եթե նախկինում միայն մեկ թշնամի ունեինք՝ հիմա դրան ավելացել են նաեւ բռնապետությունը ինչպես նաեւ աղքատությունը, որոնք ավելի դաժան են, քան թշնամին։
Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործունեությանը՝ ազատամարտիկը նշեց. «Էդ Սամվել Ալեքսանյանը քա՞ջ է, իմաստո՞ւն է, էդ ո՞նց եղավ, որ ինքն այդքան միլիարդատեր է, հազարավոր բանվորներ է պահում, մենք չենք կարողանում մեր գոյությունը պաշտպանել»։
Ազատամարտիկը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ աղքատ մարդը չի կարող ռազմի դաշտում կռվել եւ հաղթել։ Իսկ առաջիկայում պատրաստվում է հետ վերադարձնել պատերազմից հետո իրեն շնորհած 2 մեդալները։