«Հոկտեմբերի 27-ը կոծկեցին»
Ծաղիկներ եւ խունկ «Հոկտեմբերի 27»-ի զոհ դարձած քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակին։ Այսօր առավոտից մարդաշատ էր Կոմիտասի անվան Պանթեոնը, որտեղ հանգչում է Կարեն Դեմիրճյանը։
Օրվա երկրորդ կեսին այստեղ եկավ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմը` Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Հետո նրանք այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Ի դեպ, մինչ ՀԱԿ ներկայացուցիչներն ու Դեմիրճյանների ընտանիքը կայցելեր Պանթեոն, այստեղ էր նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ Ավելի ուշ եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ առանձին։
1999թ հոկտեմբերի 27-ին ամուսնուն՝ Յուրրի Բախշյանին կորցրած Անահիտ Բախշյանը գտնում է, որ այս իշխանությունների օրոք այս ահբեկչությունը ավելին չէր կարող բացահայտվել։ Ռոբերտ Քոչարյանը անվանել էր այս գործը «ուչաստկովի մակարդակի»,սակայն նույնիսկ այս պարագայում, ըստ տիկին Բախշյանի, չկարողացան ամբողջովին բացահայտել, այլ կոծկեցին։
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը եւս կարծում է, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունն ամբողջովին բացահայտված չէ , եւ մինչեւ իշխանափոխություն չլինի, չի բացահայտվի։
Ի դեպ, նա չցանկացավ մեկնաբանել իր նախկին համակիրների կողմից՝ երեկ ՀՀՇ համագումար հրավիրելու փաստը։