Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանին ստիպե՞լ են միանալ ՄՄ-ին

Քաղաքականություն
0c6f33be182407e5435dd9626ef76d71

Հայաստանի Հանրապետությունը կայացրել է մի որոշում, որը ապահովում է ազգային անվտանգությունը եւ Արցախին տալիս է եթե ոչ ճանաչում, ապա ապահով ապրելու հնարավորություն. Վստահեցնում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Խոսելով Մաքսային միությանը անդամագրվելու Սերժ Սարգսյանի հայտարարության մասին՝ նա ասում է. «Ես այստեղ դատապարտելի բան չեմ տեսնում, նույնիսկ չեմ վիրավորվում, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին չի վերադարձել ու Ալիկ Արզումանյանին կամ Խաչատուր Քոքոբելյանին չի ասել որոշման մասին»։ Ըստ քաղաքագետի՝ կան պահեր, երբ որոշումները կրիտիկական պահի են ընդունվում։ Այդ դեպքում քննարկել որեւէ հարց՝ հնարավոր չէ։ Ավելին, քաղաքագետը համոզված է, որ անգամ պետք էլ չէ քննարկել. «Որովհետեւ հետախույզները գլխի կընկնեն եւ կփչացնեն»։

Լեւոն Շիրինյանը դժվարացավ պատասխանել՝ Սերժ Սարգսյանին ստիպե՞լ են գնալ այդ քայլին, թե՞ ոչ. «Դա միայն Աստված գիտի, Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը»։

Լեւոն Շիրինյանը անդրադարձավ նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, ով ասել էր, թե պետք է Ադրբեջանի կարծիքը հարցնել՝ Հայաստանին Մաքսային միություն ընդունելու համար:

«Մեզ ոչ Բելառուսն է հրավիրել այդ գործընթացին, ոչ էլ Ղազախստանը, մեր հրավերը Ռուսաստանից է։ Կայացման նախաձեռնողը ուժը, պոտենցիալը ունի միայն Ռուսաստանը, մյուս երկուսը ոչինչ չունեն։ Մեր գործը Ռուսաստանի հետ է, ինքն էլ թող կարգավորի այն հարաբերությունները, որ անհրաժեշտ են պետություններին Մաքսային միությունում»։