Ա. Սարգսյանը չի համագործակցում իշխանությունների հետ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հակառակորդ դառնալու որեւէ միտում կամ հակում չկա։ Այսօր «Ա1+»-ի հարցին ի պատասխան հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որ մասնակցում էր ՀՀՇ համագումարին։
«Ընդհակառակը, ես երկար ճանապարհ եմ անցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, հպարտ եմ, որ նրա կողքին, նույն հարթակում եմ եղել, իր հետ բազմաթիվ հարցեր եմ քննարկել, շատ-շատ բաներ եմ սովորել»,- նշեց նա։
Պարոն Սարգսյանի խոսքերով՝ Լեւոն Տեր- Պետրոսյանը առաջին հանրապետության հիմնադիր նախագահն է եւ մեծ լումա ունի, թե Արցախյան պատերազմի հաղթանակում եւ թե դրանից հետո Արցախյան հիմնահարցի լուծման բանակցային գործընթացում։
«Այստեղ մրցակցելու, հակառակորդ նայելու որեւէ միտում, նշույլ անգամ չկա, մենք մրցակցում ենք գործող իշխանությունների՝ նրանց վարած քաղաքականության, արտաքին քաղաքական եւ ներքաղաքական մոտեցումների դեմ»,- ավելացրեց «Հանրապետություն» կուսակցության նախագահը։
Այսօր պարոն Սարգսյանը հերքեց այն լուրերը, թե իշխանության ներկայացուցիչները այցելում են իրենց տուն. «Իշխանության ներկայացուցիչներն այցելում են եղբորս՝ Վազգեն Սարգսյանի տուն, որտեղ ապրում են իմ հայրն ու մայրը։ Նրանք Վազգենի հետ անցել են երկար ճանապարհ եւ իրենց իրավունքն է եւ Վազգենի իրավունքն է Վազգենի տուն գալը, եւ որեւէ մեկը իրավունք չունի նրանց տնից դուրս հանելու։ Նրանք, ովքեր կգան, բարով գան»։
Նրա խոսքերով՝ որեւէ մեկը իրեն չի տեսել իշխանությունների հետ համագործակցելիս։