«Հայաստանը դեպի բախում տանող ոչ մի քայլ չի արել»
«Վիլնյուսից սպասումները շատ մեծ են, որոնք հաճախ էմոցիոնալ դաշտում են: Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո կյանքը կշարունակվի, առանձնապես էական ոչինչ չի լինի», -այսօր այս մասին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ «Վերջին արտաքին քաղաքական գործընթացները» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ։
Բեքարյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց Սերժ Սարգսյանի վերջերս Բրյուսել կատարած այցի և ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի` տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում արված հայտարարությունների վրա: Ռոմպոյը, ևս մեկ անգամ հավաստեց Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի պնդումը, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները ճիշտ ուղու վրա են և այսօր արդեն էական առաջընթաց են գրանցել. «Հայաստանը բավարարել էր բոլոր եվրոպական չափանիշները և պատրաստ էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»:
Կարեն Բեքարյանը զարմանում է, թե ինչու է Հայաստանում այդքան խնդրահարույց դարձել ԵՄ և ՄՄ հարաբերություների կարգավորումը. «Հայաստանը դեպի բախում տանող որևէ քայլ չի արել, և ինչքանով ես եմ հասկանում, չի էլ ուզում անի։ Ինչը հասկանալի և պարզ է դարձել ժամանակի ընթացքում նույն եվրոպական դիվանագիտության չինովնիկների համար»,- հավելեց քաղաքագետը և խորհուրդ տվեց ևս մեկ անգամ կարդալ Շտեֆան Ֆյուլեի տարբեր ժամանակներում արված հայտարարությունները և տեսնել, թե ինչից ուր է հասել։Քաղաքագետը գտնում է, որ Եվրամիություն, թե ՄՄ Հայաստանի կողմնորոշման հարցն ավելի շատ հոգեբանական բարդութավորման արդյունք է, քան իրավական հակասության. «Եվրասիական կողմից առաջարկվող գործիքները դեռ պատրաստ էլ չեն, որ ասեն՝ սա սրան հակասում է»,- ասաց նա։