Գնդապետին նոր մեղադրանք է առաջադրվել
Պահեստազորի գնդապետ, արդեն մեկ ամիս կալանավորված Վոլոդյա Ավետիսյանին ՊՆ քննչական մարմինը նոր մեղադրանք է առաջադրել՝ խարդախություն կատարելու փորձի համար։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Արա Զաքարյանը։
Փաստաբանի խոսքերով , սակայն այս ամենը շինծու է, եւ եթե գործը հիմնավորված լիներ, ապա առերեսում պետք է կատարվեր տուժողի եւ Վոլոդյա Ավետիսյանի միջեւ. «Նրան ձերբակալելուց եւ մեղադրանք առաջադրելուց հետո որեւէ քննչական գործողություն չի կատարվել»։
Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ, պաշտպանի խոսքերով, իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետեւ քննչական եւ դատավարական գործողությունների որեւէ հիմնավորում չկա։ Իսկ առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանը գտել են, որ ազատության մեջ գտնվելով գնդապետը կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Քննչական մարմնի եւ դատախազության գործողությունները փաստաբանը գնահատում է կամայական եւ համարում է, որ «Իրականում նպատակը մեկն է՝ Վոլոդյա Ավետիսյանին մեկուսացնել եւ նրան տալ քաղբանտարկյալի ստատուս»։
Իսկ նրա մարտական ընկեր Արա Խուդավերդյանն էլ կարծում է, որ իշխանությունները անհապաղ պետք է ազատ արձակեն Վոլոդյա Ավետիսյանին եւ նրանից ներողություն խնդրեն։
Նոր մեղադրանքը կարող է հիմք հանդիսանալ, որ Վոլոդյա Ավետիսյանը համաներմամբ ազատ չարձակվի։