Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտելիք՝ Եվրադատարան հիմնավոր գանգատ ներկայացնելու համար

Քաղաքականություն
97830f1aa2396921722ce3a83bff19d3

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի փաստաբանների և իրավապաշտպանների համար սկսել է անցկացնել վերապատրաստողների վերապատրաստման դասընթացը, որը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) կիրառման հարցերին՝ գլխավորապես ուշադրություն դարձնելով խտրականության չափանիշների վրա:

Վերապատրաստման չորս փուլերից առաջին եռօրյա վերապատրաստումը տեղի է ունենում Երևանում, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում:

Մրցույթի միջոցով ընտրված շուրջ երեսուն փաստաբաններ և իրավապաշտպաններ կմասնակցեն վերապատրաստմանը: Վերապատրաստման չորս փուլերն ավարտելուց հետո մասնակիցները քննություն կհանձնեն, որից հետո նրանք կձևավորեն վերապատրաստողների մի խումբ, որը զինված կլինի խտրականության իրավունքի վերաբերյալ համապատասխան գիտելիքներով:

Նրանք իրենց գիտելիքները կփոխանցեն փաստաբանների և իրավապաշտպանների այլ խմբերի` վերապատրաստելով վերջիններիս կիրառել մարդու իրավունքների համընդհանուր չափանիշները ներպետական դատական գործերում: Արդյունքում, հայ փաստաբաններն ու իրավապաշտպանները կկարողանան ավելի հիմնավոր գանգատներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար պրն. Պավլյուկը շեշտեց վերապատրաստողների վերապատրաստման դասընթացի hնարավոր արդյունքի մասին. «Կարծում եմ, որ խտրականության եվրոպական ընկալման, ինչպես նաև խտրականության գործերի ընդունելիության առանձնահատկությունների առավել լավ ըմբռնումը զգալիորեն կբարելավի մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկվող գործերի որակը»։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տ. Հրիսթեան նշեց, որ խտրականության գործերի վերաբերյալ պատշաճ արձագանքը մեծ կարևորություն ունի Եվրոպական միության համար, ինչպես նաև հույս հայտնեց, որ փաստաբանները և իրավապաշտպանները օգուտ կքաղեն այս ուսուցման հնարավորությունից:

Պրն. Արա Զոհրաբյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, ընդգծեց նոր փորձագետներ բացահայտելու և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշպանության մասին կոնվենցիայով սահմանված խտրականության հասկացության վերաբերյալ վերջիններիս գիտելիքները բարձրացնելու կարևորությունը:

Այս միջոցառումը կազմակերպվում է ԵՄ և ԵԽ համատեղ «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի շրջանակներում: Հիշատակված տարածաշրջանային ծրագիրն ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանի դաշնությունը և Ուկրաինան: Այս մասին փոխանցում ԵԽ երեւանյան գրասենյակը։