Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Զուրաբյան. Մաքրվելու ջանքերն ո՞ւր են հասել (տեսանյութ)

Քաղաքականություն
b72d344ec4bb4eb54fee91bac13e04e4

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանին տվեց մի հարց, որից իր բառերով, վարչապետն «արդարացիորեն շատ հոգնած պետք է լինի»։

«Օֆշորային սկանդալից Ձեր մաքրվելու կես տարվա ջանքերն ո՞ւր են հասել», - հարցրեց նա Տիգրան Սարգսյանին՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամին։

Պատասխանը կրկնվող էր, թե ինքը՝ Տիգրան Սարգսյանը որեւէ մեկին չի լիազորել իր անունից օֆշորային գոտում ձեռնարկություն բացել. իսկ այս ամբողջ պատմության նպատակն էլ իրեն վարկաբեկելն է եւ ինքն էլ ամենաշահագրգիռն է դրա բացահայտման համար։

«Որպես վարչապետ ես Կիպրոսում չեմ եղել և չէի կարող գրանցել ձեռնարկություն,-ասաց նա՝ շարունակելով,-Սրանք ապացուցվող փաստեր են, իսկ այն, որ այդ ձեռնարկությունները ցանկացած մարդու անունով կարող են բացվել, ապացուցված է, այդ թվում՝ մեռած մարդիկ են կարողանում ձեռնարկություն գրանցել»։

«Խնդիրը պետության վրայից կեղտը մաքրելն է, ոչ թե Ձեզ վարկաբեկելը»,- նկատեց ՀԱԿ պատգամավորը։

Լեւոն Զուրաբյանն այսօր նաեւ հետաքրքրվեց, թե ՀՀ կառավարության որոշմամբ դիզվառելիք ձեռքբերելու նպատակով հատկացված սուբսիդիան ինչո՞ւ է պարբերաբար տրվել Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությանը,ինչ ինչն էլ հանգեցնում է ընկերության դիրքերի ապօրինի ամրապնդմանը։

Ի պատասխան վարչապետն առաջարկեց՝ նայել ցուցակը, թե ովքեր են շահում գնումների մրցույթները։ Այդ դեպքում , ըստ նրա, կերեւա, որ շահողների 99%-ը իր մերձավոր բարեկամներն ու ընկերներն են։

«Որովհետեւ ես ի պաշտոնե շփվում եմ բազմաթիվ ձեռնարկատերերի հետ, եւ կարելի է միշտ ասել, որ հաղթողը վարչապետի մերձավորն է։ Սա օբյեկտիվ, ճիշտ գնատական չէ: Ես հարգում եմ Բարսեղ Բեգլարյանին, բայց Ձեր նշած տնտեսական շահերը բացակայում են, չկան այդպիսիք»,-շարունակեց վարչապետը։

Իսկ հնարավո՞ր է մի օր Տիգրան Սարգսյանի թշնամին շահի մրցույթը,- հետաքրքրվեց Լեւոն Զուրաբյանը։

«Ես թշնամիներ չունեմ»,- եղավ պատասխանը։