Ս.Սարգսյանը հուշեց կառավարության հրաժարականի մասին
Տարեսկզբին Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով (դա վերաբերում է 2013-17թթ.) չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:
7 տոկոս տնտեսական աճը կառավարությունը չի կարողանում ապահովել՝ այսօր արձանագրում են տնտեսագետները։
«Այսօր կանխատեսել, որ հաջորդ տարի 7 տոկոս տնտեսական աճ է լինելու, ես չգիտեմ` ինչ ցուցանիշներից է եղել»,- զարմանում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Սերժ Սարգսյանի թվերը Վահագն Խաչատրյանին հիմք են տալիս ենթադրել. «Կամ նրան խաբել են, կամ պարզապես նրա ցանկությունն է եղել»:
2013թ. 7 տոկոս տնտեսական աճը բացառում է նաեւ տնտեսագետ Կլիմենտ Մարգարյանը. «Ելնելով երկրի ներկա վիճակից, և ես անընդհատ շփվում եմ տարբեր շրջաններում մարդկանց մեջ, բաներ կա, որ ժողովրդի մեջ հասունանում ա, և այդ հասունացումը բերում է նրան, որ բացառման է տանում»:
Եթե նույնիսկ կառավարությունը հայտարարի 7 տոկոս աճի մասին, պարոն Մարգարյանը վստահեցնում է՝ դա նկարված թիվ է լինելու մեկ պարզ պատճառով.
«Մեր պետության մեջ ամենայն հավանականությամբ ծախսային մասը չի ղեկավարվում, որն էլ հետընթացի ամենագլխավոր պատճառն եմ համարում»:
Երկրի տնտեսական վիճակի համար նաեւ իր բացատրությունն ունի Վահագն Խաչատրյանը. «ՀՀ-ում վերջին 2 տարիներին, համարյա նույն քանակությամբ՝ 35 տոկոսով, նվազում են ուղղակի ներդրումները, 64 տոկոսով պարզապես ներդրումները, սա լավագույն ցուցանիշն է, որից ելնելով` կարող եք ասել` անառողջ մթնոլորտ է»:
Այս պահի դրությամբ տնտեսագետները արձանագրում են 2014թ. կառավարության հրաժարականը պահանջելու հստակ առիթ, որը հանրությանը տվեց Սերժ Սարգսյանը՝ մարտին իր հայտարարությամբ։