«Ոչ ոք չի կարող Գ. Ծառուկյանի հետ բարձր խոսել» (տեսանյութ)
Ըստ շրջանառվող լուրերի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի է ունեցել վեճ, որի մասին պատմել են նաեւ Սերժ Սարգսյանին: Վեճի մասին տեղեկություններն իրարամերժ են, իսկ թե ով է իրավացի, դեռեւս հայտնի չէ:
Ըստ լուրերի՝ Բրյուսելից Երեւան ժամանող Սերժ Սարգսյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում են գտնվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը: Ըստ շրջանառվող լուրերի` վեճի պատճառը եղել է Վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսը, որի նախագահ է ընտրվել Արթուր Բաղդասարյանը: Կոնֆերանսի մասին տեղյակ չի եղել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ մամուլի տեղեկությունների` օդանավակայանում վիճաբանության ժամանակ երկուստեք հնչել են հայհոյանքներ.
Թեմայի շուրջ քաղաքական ուժերի պատասխաններն այսօր խուսափողական էին։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է. «Ես տեղյակ չեմ որեւէ միջադեպից: Առհասարակ բանավեճը նորմալ է, եթե բանավեճ է, ապա նա գաղափարական է, նորմալ է, եթե տղամարդկային է, էլի գովելի է, քանի որ տղամարդիկ պետք է տղամարդավայել բանավեճ ունենան, այլ ոչ թե այլ կերպ։
Առհասարակ կենցաղային կյանքում, ցավոք սրտի, լինում են դեպքեր, երբ կարող են նյարդերը տեղի տալ»:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն ասում է. «Հաճախ քաղաքական բանավեճը վերածվում է նաեւ տղամարդկային բանավեճի, եւ այն ավարտվել է կոռեկտության սահմաններում։ Կարելի է ասել, երկուստեք իրենց կարծիքը հիմք ընդունելով՝ բաժանվել են»:
Հովհաննես Մարգարյանը հերքում է լուրերը, թե վեճի ժամանակ հայհոյանքներ են եղել. «Փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, իրենց անարդյունավետ պահվածքով, նենգաբար կրակից շագանակ հանողների պես փորձում են լղոզել: Ես միայն գիտեմ, որ այսօրվա դրությամբ մայր հասկացողությունը տղամարդկանց համար սրբություն է, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկն իրեն թույլ տա նման հայհոյանքներ թույլ տա»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին զարմացնում են վեճի մասին քաղաքական ուժերի մեկնաբանություններն ու մամուլի որոշ հրապարակումներ.
«Միգուցե տարբեր լուսանցքներում հայտնված քաղաքական ուժեր, քաղաքական զրոներ, իրենց քաղաքական կշիռը բարձրացնելու համար փորձում են իրենց անձի շուրջ նման աժեոտաժ ու աղմուկ ստեղծել...»։
Տիկին Զոհրաբյանը միայն մեկ բան է բոլորին հիշեցնում.
«Չկա ու չի կարող լինել ՀՀ-ում որեւէ անձ` անկախ իր զբաղեցրած պաշտոնից, որ թույլ տա իրեն անգամ բարձր ինտոնացիայով Գագիկ Ծառուկյանի հետ խոսել, վստահաբար կարող եմ ասել, որ երբեւէ Գագիկ Ծառուկյանը թույլ չի տա իրեն վիրավորել որեւէ անձնավորության»:
Իսկ ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Լյովա Խաչատրյանը չկարողացավ մեկնաբանել միջադեպը, միայն ասաց. «Ես ստյուարդեսա չեմ աշխատում, տեղյակ չեմ»: