«Իշխանությունները կեղծում են»
«Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» վեհաժողովի ժամանակ մի խումբ ակտիվիստներ ներխուժեցին դահլիճ՝ պաստառներով, որոնց վրա բերված էին օրինակներ, երբ իշխանության ներկայացուցիչները անհանդուրժողականություն են դրսևորել։ Օրինակ, որ Արծվիկ Մինասյանը հովանավորել է միասեռականների ակումբն այրողներին, Խաչիկ Ասրյանն առաջարկել է վառել ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և այլն։ Ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ ներսում մնալուց հետո ցուցապաստառները դրեցին վեհաժողովի մասնակիցների դիմաց և դուրս եկան սրահից։
Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Ուզում ենք այս ակցիայով ցույց տալ, որ Հայաստանն իրավունք չունի այսպիսի միջոցառումներ կազմակերպելու։ Սա ցինիզմ է, որ երկար տարիներ մեր իշխանությունները օգտագործում են Եվրոպայի համար։ Հիմա պիտի Եվրոպային ցույց տանք, որ պետք չէ այս երկրի ասածները լուրջ ընդունել»։ Դանիելյանը գտնում է, որ երկրի վիճակը պետք է շտկեն ոչ թե եվրոպացիները, այլ հենց երկրի ներսում եղած մարդիկ։ Եթե իրենց գլուխներում կարողանան շտկել ամեն ինչ, ապա լավ կլինի։ Եթե դու հանդուրժողական ես, ապա պետք չէ Եվրոպայից աջակցություն սպասես» ,- գտնում է նա։
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում չափազանցություն համարեց այն, որ Հայաստանում հանդուրժողականության մթնոլորտ չկա. «Հայաստանում կան հանդուրժողականության հետ կապված որոշակի խնդիրներ, ինչպես տարբեր եվրոպական երկրներում, սակայն ես մի բան կնշեմ. եթե Հայաստանում մարդիկ այսպես գեղեցիկ, առանց խոչընդոտների կարողանում են իրենց տեսակետն արտահայտել, դա արդեն վկայում է, որ Հայաստանում կա հանդուրժողականություն՝ տարբեր տեսակների և կարծիքների արտահայտման»։ Այնուամենայնիվ, Անդրեասյանն ընդունեց, որ հանդուրժողականության հետ կապված խնդիրներում կա իշխանության ներկայացուցիչների աշխատանքի որոշակի բաց։
Ակցիայի մասնակից Մամիկոն Հովսեփյանն էլ նշեց, որ իրենց թույլ տվեցին դահլիճ մտնել ընդամենը Եվրոպային ցույց տալու համար, որ Հայաստանում գոյություն ունի հավաքների ազատություն։
Նա պատմեց, որ իրենք ետնամուտքից են ներս մտել։ Որոշ ոստիկաններ փորձել են խոչընդոտել, բայց դատական կարգադրիչներն ասել են՝ «թողեք, թող մտնեն»։ «Չգիտեմ՝ ինչ կփոխվի այս ակցիայով, բայց մենք ուզում ենք, որ եվրոպացիները լայն բացեն իրենց աչքերը, այս երևույթների վրա աչք չփակեն ու հերթական անգամ մեծ գումարներ ուղարկեն իշխանությանը, որն էլ հետո կորչում և չի հասնում ժողովրդին։ Ուզում ենք, որ ուղղակի հասկանան, թե ում հետ գործ ունեն և հիմա, որ եկել են այս կոնֆերանսին և կեղծ ելույթներ են լսում, դա ինչ է իրականում, որ հասկանան, որ դա լրիվ սուտ է»,- ասում է Հովսեփյանը։