Ծառուկյանը պատրաստ է իր հնչեղ ազգանունով դուրս գալ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, խիստ վիրավորված է: Գյուղատնտեսության նախարարությունը Գյուղաշխատողի տոնի առիթով նրան ոչ մեդալ է տվել , ոչ շնորհակալագիր.
Նրա վիրավորանքն այնքան մեծ է, որ տիկին Ծառուկյանը որոշել է Ֆերմերների ազգային միավորման համագումար հրավիրել եւ հրաժարվել նախագահի պաշտոնից. «Ուրեմն ես ունեմ հնչեղ ազգանուն, ես ուզում եմ իմ ազգանունով դուրս գամ, կգա մեկը, որին իրենք կսիրեն, կհարգեն»
Տիկին Ծառուկյանին հունից հանել էր այն, որ նախարարությունը պարգեւատրեց բազմաթիվ ֆերմերների, որոնց նա առաջին անգամն էր տեսնում. « Ասել եմ` ինչու եք ինձ նսեմացնում, երբ 15 տարի ես Ֆերմերների միության փոխնախագահն էի, 3 տարի` արդեն նախագահն եմ»
Ըստ նրա՝ Գյուղնախարարությունն անգամ չի փորձել իր հետ քննարկել, թե որ ֆերմերին կամ գործարարին պարգեւատրել։
«Շատ ներողություն, չասեմ, որ Ծառուկյան Գագիկը 200 մլն իր բարեգործական հիմնադրամից տվել, իր գործարանն այսօր այստեղ ցուցադրական բան է ներկայացրել, մի հատ վկայական տային իրենց գործարանի տնօրենին: Եթե որդին կարող է 200 մլն նվիրի կարկտահարված մարզին ու այսօր մի վկայականի չարժանացնեն, որ մայրն է, որ պետք է լռի, չնայած ինձ ասում են` լռի, Աստված կա, է մեռնեմ Աստծուն»,-ասաց նա։
Տիկին Ռոզան Գյուղատնտեսության նախարարությանը մատնացույց է անում պլատինե մեդալը, որը նա ստացել է Կիեւում` Համաշխարհային կառույցի կողմից ու ակնարկում. «Քիչ գործ եմ անո՞ւմ: Միայն 1000 տոննա 100 դրամով բանակին կարտոֆիլ եմ տալիս, այ հենց հիմա` արդեն 500 տոննան ուղարկել եմ, 48 հա ունեմ, դեռ հանում են»: