Տները կքանդվեն, իսկ տերերը չգիտեն
Պուշկինի փողոցի մի հատվածը կառավարության օգոստոսի 29-ի որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: Այն օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին:
Նպատակը Հյուսիսային պողոտայի հետ ներդաշնակ կառուցապատում իրականացնելն է: Չնայած կառավարության որոշմանը, այստեղ դեռևս ընտանիքներ են ապրում, ոմանք նույնիսկ անտեղյակ են գործադիր մարմնի որոշմանը։
Պուշկին 10-ի բնակիչ Աելիտա Առաքելյանը մեզանից տեղեկացավ, որ շուտով պետք է լքի իր բնակարանը: Նա չի էլ պատրաստվում այն վաճառել որեւէ մեկին, այդ թվում` «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը:
Նույն շենքի բնակիչներից Կիմա Պետրոսյանն արդեն ստացել է ծանուցագիր եւ պատրաստվում վաճառել իր բնակարանը, իսկ ոմանք էլ կառավարության որոշմանը անդրադարձան դռան հետևից:
Եթե շենքի բնակիչներից շատերն արդեն համակերպվել են իրենց տարածքը լքելու մտքի հետ, ապա այստեղ գտնվող «Դոլմամա» ռեստորանից և «Ար-Տուր-Ռենտ» տուրիստական ընկերությունից տեղեկացանք, որ իրենք հենց այնպես չեն հեռանա: Այն տարածքը, որը նրանց որպես փոխհատուցում առաջարկել է ընկերությունը, արդեն զբաղված է, իսկ «Լոկալ Դիվելոփըրզ»-ից պարզաբանումներ խոստացան ավելի ուշ:
Կառավարության որոշման համաձայն՝ օտարման ենթակա է նաև 1930 թվականին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի հեղինակած այն շենքը, որտեղ ժամանակին տեղակայված էր հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկը: «Լոկալ Դիվելոփըրզը» այս շենքի քանդելու կամ պահպանելու մասին դեռ որոշում չի կայացրել:
Մեկ այլ որոշմամբ՝ բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչվել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը:
Ըստ պաշտոնական բացատրության՝ դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիր, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդը և Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտության իրականացման նպատակով կառավարությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացրել է 5.5 մլն դրամ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում