Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«COP17-ի հաջողությունը կախված է լինելու երկրների գրանցած առաջընթացից ու հաջորդող քայլերից»

COP17-ի հաջողությունը պետք է գնահատել ոչ թե ընդունված հայտարարություններով, այլ նրանով, թե երկրներն ինչ առաջընթաց են գրանցել կենսաբազմազանության պահպանության նպատակների իրականացման ուղղությամբ և ինչ գործնական քայլեր են պատրաստվում ձեռնարկել առաջիկայում։ Այս մասին ասում է COP17-ում Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի երիտասարդական պատվիրակ,  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդատվական խմբի անդամ Աքսել Էրիկսոնը։

Նրա խոսքով՝ միջազգային պայմանավորվածությունները կարող են արդյունք տալ միայն այն դեպքում, երբ դրանց իրականացման գործում ներգրավված լինեն ոչ միայն կառավարությունները, այլև երիտասարդները, կանայք, տեղացի ժողովուրդներն ու տեղական համայնքները։

Կենսաբազմազանության պահպանությունը միայն բնապահպանական խնդիր չէ․ այն անմիջականորեն կապված է տնտեսության, գյուղատնտեսության, մարդու իրավունքների և ապագա սերունդների կյանքի որակի հետ։ Այս հարցերի շուրջ քննարկումները 12 օր շարունակ COP17-ի առանցքում են, սակայն միջազգային բանակցություններից բացի՝ կարևոր է նաև, թե ինչպես են ընդունված որոշումները կյանքի կոչվելու գործնականում։

Էրիկսոնը առանձնացնում է երեք կարևոր ուղղություն՝ որոշումների իրականացման գործում երիտասարդների, կանանց, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներգրավումը, առաջընթացի գնահատման հստակ մեխանիզմների կիրառումը և մարդու իրավունքների պաշտպանությունը։

«Բավարար չէ պարզապես ասել, որ կառավարություններից բացի այլ դերակատարներ նույնպես պետք է ներգրավված լինեն։ Պետք է հստակ արձանագրել, որ երիտասարդները, կանայք, տեղական համայնքները ճանաչված են որպես այդ գործընթացի մասնակիցներ»,- նշում է Էրիկսոնը։

Նրա խոսքով՝ խնդիրը միայն բանակցությունների ընթացքում որոշումներ ընդունելը չէ։ Երիտասարդները մասնակցել են նաև կենսաբազմազանության գլոբալ շրջանակի գնահատման ցուցանիշների մշակմանը, իսկ այժմ կարևոր է ապահովել դրանց կիրառումը ազգային մակարդակում։

Նա նշում է, որ մարդու իրավունքները պետք է լինեն բանակցությունների և հետագա գործողությունների առանցքում։

Էրիկսոնի համոզմամբ՝ բնության պահպանության գործում երիտասարդները կարող են իրենց ներդրումն ունենալ՝ անկախ մասնագիտությունից ու զբաղվածությունից։ Որպես օրինակ՝ նա հիշատակում է COP17-ի շրջանակում երիտասարդների ստեղծած թիթեռ որմնանկարը, որի միջոցով արվեստի լեզվով բարձրաձայնվել է բնապահպանական խնդիրների հրատապությունը։

Նա երիտասարդներին խորհուրդ է տալիս սկսել սեփական համայնքից, դպրոցից կամ շրջապատից՝ համախմբելով նույն հետաքրքրություններն ունեցող մարդկանց։ Սակայն, Էրիկսոնի խոսքով, կարևոր է նաև չհիասթափվել, եթե փոփոխություններն անմիջապես տեսանելի չլինեն։

«Փոփոխությունները ժամանակ են պահանջում։ Եթե ցանկանում եք երկարաժամկետ արդյունք ունենալ բնության պահպանության գործում, պետք է պատրաստ լինեք շարունակել աշխատանքը նույնիսկ այն դեպքում, երբ մեկ ամսից, մեկ տարուց կամ երկու տարուց արդյունք չեք տեսնում»,- ասում է նա։

Էրիկսոնի գնահատմամբ՝ բանակցությունների ամենամեծ չլուծված հարցերից մեկը ֆինանսավորումն է և ֆինանսական միջոցների ուղղումը բնության համար օգտակար գործունեությանը։

Ֆինանսավորման խնդիրը առանցքային է նաև Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի անդամ, Կայուն զարգացման դիտակետի և «France Nature Environnement» բնապահպանական կազմակերպության փոխնախագահ Արնո Շվարցի համար։ Նրա խոսքով՝ թեև կենսաբազմազանության պահպանության նոր գլոբալ շրջանակն ավելի հավակնոտ է և հիմնված է գիտական ցուցանիշների վրա, հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ դրա իրականացումը։

«Մենք պետք է գործենք։ Պետք է ապահովենք, որ ընդունված որոշումներն իրականություն դառնան»,- նշում է Շվարցը։

Նա կարծում է, որ Հայաստանի նման երկրները կարող են համատեղել տնտեսական զարգացումն ու բնության պահպանությունը՝ ներդրումներ կատարելով բնական էկոհամակարգերում։ Շվարցի ներկայացմամբ՝ բնության մեջ ներդրված յուրաքանչյուր եվրոն, կախված ներդրման տեսակից, կարող է վերադարձնել 7-ից 30 եվրո։

Նրա խոսքով՝ բնության վրա հիմնված լուծումները կարող են կիրառվել տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից և սննդի արտադրությունից մինչև զբոսաշրջություն, քաղաքային զարգացում և կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվողականություն։ Օրինակ՝ ծառերն ու կանաչ տարածքները կարող են ոչ միայն նպաստել կենսաբազմազանության պահպանությանը, այլև օգնել համայնքներին հաղթահարել կլիմայական մարտահրավերները։

Բնության վերականգնման ֆինանսավորման նոր մեխանիզմները

Շվարցն անդրադառնում է նաև այսպես կոչված բնության վարկերին (Nature Credits)՝ դրանք դիտարկելով որպես բնության վերականգնման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավոր տարբերակ։ Սակայն, նրա խոսքով, այս մեխանիզմը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ դրա մշակման և իրականացման գործընթացում ներգրավված լինեն նաև տեղական համայնքները։

Հակառակ դեպքում ներդրումները կարող են ուղղվել միայն տնտեսապես շահավետ համարվող տարածքներին՝ անտեսելով բնակիչների կարիքներն ու շահերը։

Բնության վարկերի համակարգի ներդրման համար, Շվարցի կարծիքով, նախ անհրաժեշտ է մշակել հստակ գնահատման ցուցանիշներ, սահմանել արդյունքների վերահսկման մեխանիզմներ և լուծել նաև հնարավոր ռիսկերի հարցը։ Օրինակ՝ եթե վերականգնված տարածքը հետագայում տուժի հրդեհից կամ երաշտից, պետք է հստակ լինի, թե ինչպես է գնահատվելու դրա բնապահպանական արժեքը։

Այդուհանդերձ, երկու փորձագետներն էլ ընդգծում են, որ նման միջազգային բանակցությունները չեն կարող լինել բնության պահպանության միակ ճանապարհը։ Էրիկսոնի խոսքով՝ նույնիսկ եթե COP17-ի արդյունքները չլինեն բավարար հավակնոտ, դա չպետք է խոչընդոտի տեղական նախաձեռնություններին, համայնքային ծրագրերին կամ բնության վերականգնման աշխատանքներին։

Իսկ Շվարցի գնահատմամբ՝ ֆինանսավորման և դրա բաշխման հարցում դեռ բավական մեծ աշխատանք կա անելու։

COP17-ի արդյունքների իրական նշանակությունը, հետևաբար, կախված կլինի ոչ միայն բանակցությունների սեղանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից, այլև դրանց իրականացման համար հատկացվող միջոցներից, համայնքների ներգրավվածությունից և պետությունների պատրաստակամությունից՝ ստանձնած պարտավորությունները գործնական քայլերի վերածելու։