«Ամբողջ Լուսակերտը լավ չէ» (տեսանյութ)
70-ամյա Ծաղիկ տատին կյանքը սովորեցրել է՝ իր գլխի տերը միայն ինքն է։ 25 հազար դրամ թոշակով նա եւ պետք է սնվի, եւ հագուստ գնի, եւ վճարի կոմունալ ծախսերը; Ձմռանը նրան հոգսերին ավելանում է նաեւ վառելափայտ ձեռք բերելու խնդիրը։ Նրա միակ հույսը իր 2 կովի աթարն է։
«Մեր վիճակը լավ չէ, ամբողջ Լուսակերտը լավ չէ»,- ասում է նա։
Ծաղիկ տատը միայնակ է ապրում։ Որդին մեկնել է Ռուսաստանի դաշնություն՝ արտագնա աշխատանքի։ Որդու ուղարկած գումարից Ծաղիկ տանտին բաժին չի հասնում, թոռներն էլ շատ կարիքներ ունեն հոգալու։
Միայնակ կինը իր փոքրիկ այգում ընդամենը խնձորի մի քանի ծառ ունի։ Բերքն այնքան քիչ է լինում, որ այն վաճառել հնարավոր չէ։
Տատի ընկերուհին՝ Արշալույսը, ապրում է հենց հարեւանությամբ, գրեթե նույն կարգավիճակում։ Նրանց հիմնական զրույցի թեման իրենց ապրուստն ու իշխանություններն են՝ «Միթամ պետություն կա, բան կա՞»։
Մինչ տիկին Արշալույսի ամուսնու հիվանդանալը, մի կերպ գոյատեւում էին։ Ամուսինը աշխատում էր ու թոշակ ստանում։ Հիմա ամեն ինչ փոխվել է, ամուսինը հիվանդության պատճառով գամված է անկողնուն։ Տարեց ամուսինների միակ հույսը թոշակն է. «Ես 17 հազար թոշակ եմ ստանում, ինքը ամբողջ կյանքը աշխատելա՝ 45 հազար դրամա ստանում»։
Փոքրիկ այգի տիկին Արշալույսն էլ ունի, սակայն անգամ սեփական օգտագործման համար չի կարողանում մշակել ու օգտվել դրանից։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։