Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրադատարանը պաշտպանում է գողերի՞ն

Հասարակություն
8a253553da4cd48a3123f2d13fb8b778

Վերջին 7 տարիների ընթացքում Սեւան ազգային պարկից 200 միլիարդ դրամի թալան է տեղի ունեցել. Այս մասին ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի նախկին տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանը։

Նա նկատի ունի սոճենի ու բարդի ծառատեսակները. «3 միլիոն սոճենի է կտրվել։ 2006-ից մինչ էսօր շուրջ 100 հազար բարդի է կտրվել, պաշտոնապես տեղեկացրել են, որ 1800 հեկտար են հատել ու էդ տարածքից պետական բյուջե են մուծել 8,4 միլիոն դրամի գումար. սա ծիծաղելի թիվ է»։

Այս մասին բարձրաձայնելու համար Հենրիկ Մարտիրոսյանը 2007թ. ազատվել է աշխատանքից, սակայն չի լռել։

2006 թվականի օգոստոսից սկսած ծառահատումների արդյունքում, ըստ պարոն Մարտիրոսյանի, կտրվել է նախատեսվածից շատ. ծառերն ու ստացված գումարները պետական բյուջե գնալու փոխարեն գնացել են որոշ մարդկանց գրպաններ:

Իր հայտարարությունները որպես հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացրել է համապատասխան մարմիններին։ Ոլորտի նախկին աշխատակիցը սպառել է տեղի դատական ատյանները, 2 տարի առաջ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ ստացել իրեն չգոհացնող պատասխան:

«Մի հատ անստորագիր, դատական կարգին չհամապատասխանող պատասխան եմ ստացել, լրիվ կեղծ փաստաթուղթ, որից հետո Եվրոպայի մինիստրների խորհրդին լրիվ նյութերս ու դիմումներս ուղարկեցի, ասեցի՝ տեսեք դատարանում ինչ է կատարվում, ինչ են ուղարկում։ Եթե սա է եվրոպական դատարանը, սա է Հայաստանի խեղկատակ դատարանների կցորդը...այսինք եվրոպական դատարանը դարձել է Հայաստանի դատարանների մակարդակին, գողերին է պաշտպանում»։

Պարոն Մարտիրոսյանը չի պատրաստվում հանձնվել.ազգային սեփականության թալանի մասին բարձրաձայնելու համար անձամբ է պատրաստվում մեկնել եվրոպական դատարան։