Գյուղացին «ռեկլամի» կարիք ունի
«Գյուղացին չի կարողանում իր արդար կաթը ռեկլամ անի», - մտահոգվում է անասնապահությամբ զբաղվող Քնար Սեյրանյանը։ Նրա կարծիքով՝ հենց սա է միակ պատճառը, որ գյուղացու անարատ կաթը դժվար է վաճառվում. «Խանութի կաթնամթերքը ծախվում է, բայց գյուղացունը չէ, գյուղացին տանջվում է ու ոչ մի արդյունք չկա, շատ ժամանակ նույնիսկ 150 դրամով կաթը չի ծախվում», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նա։
Տիկին Քնարը վստահեցնում է, որ կաթի վաճառքի համար սահմանված գինը ձեռնտու չէ անասնապահությամբ զբաղվողի համար. «Խոտը թանկ ու կրակի գին առնում ենք, բայց կաթը չի ծախվում», - ասաց գյուղացին։
Գյուղացու խոսքերով՝ կաթի գինը 50 դրամով միայն ձմռանն է բարձրանում, բայց կրկին անասնատերն է տուժում, որովհետեւ կովերն այդ ժամանակ չեն կթվում՝ հղիության շրջանում են լինում։
Տեղեկացնենք նաև, որ օրեր առաջ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության զարգացման վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ վերջին շրջանում ապահովվել է խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի որոշակի աճ, ինչի արդյունքում սպասվում է անասնաբուծական մթերքի գնի նվազում։
Մինչդեռ, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպասվում է կաթնամթերքի թանկացում։
«Ա1+»-ը փորձեց կաթնամթերք արտադրող ընկերություններից ճշտել լուրերի հավաստիությունը։ Ընկերություններից շատերը մեր հարցերին չպատասխանեցին՝ խոստանալով հարցին անդրադառնալ մի քանի օրից։
Հիշեցնենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2013թ. մայիսի 10-ից մինչև օրս կաթնամթերքը թանկացել է 8-12 տոկոսով: